Արտաքին 1 տարի առաջ - 15:00 25-11-2024

Մոսկվան արցունքներին չի հավատում․ Էրդողանի «խաղաղարար» ջանքերը Պուտինին չեն համոզում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։

Պաշտոնական Մոսկվան հաղորդել էր, որ երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա: Նշվել էր, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ շփումներ կանցկացվեն պրոֆիլային գերատեսչությունների գծով։

Ռուսական կողմը հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չէր հայտնել, միայն նշել էր, որ Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են մի շարք միջազգային թեմաների:

Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրղողանը նշել է, որ Թուրքիան մտադիր է մի շարք ոլորտներում խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ կարևորելով հատկապես առևտրաշրջանառության ծավալների մեծացումը։ Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը պնդել է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել՝ «տարածաշրջանում լարվածությանը վերջ տալու համար և կշարուանկի նպաստել խաղաղ գործընթացներին»։

Հատկանշական է, որ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում Էրդողանի վերջին հայտարարությունը չի հիշատակվել, ինչը վկայում է այն մասին, որ Մոսկվայի համար առնվազն այս հարցում Անկարայի միջնորդությունն անընդունելի է։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան երկդիմի քաղաքականություն էր վարում ու փորձում միջնորդի դերին հավակնել, ինչը սկզբանական շրջանում ողջունում էր նաև Ռուսաստանը։ Հաջորդիվ՝ մասնավորապես Թուրքիայում 2023-ի մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո. Էրդողանը մի շարք հակառուսական քայլեր ձեռնարկեց՝ հաստատեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը, Ուկրաինային վերադարձրեց «Ազով» գնդի նախկին հրամանատարներին, որոնք առաջացրեցին ռուսական կողմի խիստ դժգոհությունը և այլն, որոնք ազդեցին երկկողմ ջերմ հարաբերությունների վրա։

Հաշվի առնելով՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքով Ռուսաստանի միջազգային մեկուսացումն ու այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը, ՌԴ-ն ներկայումս խուսափում է Թուրքիայի հետ ուղիղ առճակատումից, սակայն ակնհայտ է, որ երկկողմ հարաբերություններում առկա լարվածության միտումները վերջին շրջանում ավելի են խորանում։ Այդ միտումների մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Էրդողանը գրեթե 2 տարի է, ինչ ցանկանում է Պուտինին հյուրընկալել Թուրքիայում, սակայն վերջինս թուրք գործընկերոջը նման պատվի չի արժանացնում։ Դեռևս նախորդ տարվանից Մոսկվան և Անկարան հայտնում են, որ Պուտինի այցը Թուրքիա նախապատրաստվում է, սակայն դրա ժամկետները դեռևս «չի հաջողվում համաձայնեցվել»։

Բացի այդ, 2023-ի հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ «Սևծովյան հացահատիկի նախաձեռնություն»-ից կամ առավել հայտնի Ստամբուլի համաձայնագրից, որով ուկրաինական նավահանգիստներից այդ երկրում արտադրվող հացահատիկը անվտանգ տեղափոխվում էր Ստամբուլ, այնուհետև՝ դրա կարիքն ունեցող երկրներ։ Չնայած նախաձեռնությունը պետք է ուղղված լիներ աֆրիկյան երկրների կարիքների բավարարմանը ու համաշխարհային պարենային ճգնաժամի կանխմանը, դրանից նախևառաջ շահում էր Թուրքիան և այն դարձել էր Էրդողանի դիվանագիտական հաղթանակը, քանի որ վերջինիս հաջողվել էր պատերազմող երկրների միջև միջնորդ դառնալ, ինչպես նաև գործարքի արդյունքում Թուրքիան միլիոնավոր դոլարների եկամուտներ էր ստանում ու շահավետ պայմաններով հացահատիկ գնում։

Այսպիսով՝ փաստենք, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդությունը Ռուսաստանի համար անընդունելի է, և երկու երկրների պաշտոնական հաղորդագրություններում առկա այս հակասությունը դրա հերթական վկայությունն է։ Ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող լարվածության միտումները հավանաբար առաջիկայում էլ ավելի են խորանալու, քանի որ Թուրքիան այլևս չի կարողանալու շարունակել 2 լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, իսկ ՌԴ-ի և Արևմուտքի միջև ընտրությունը լինելու է վերջինիս օգտին։

Մյուս կողմից՝ Ռուսաստանին և Թուրքիային հավանաբար դեռևս կհաջողվի այս լարվածությունը պահել վերահսկելիության տիրույթում, քանի որ երկու երկրները ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, որոնց շրջանակներում կողմերը սերտ համագործակցություն են ծավալում։ Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա Մոսկվան և Անկարան դրանք «չնկատելու» քաղաքականություն են որդեգրել, սակայն ինչ-որ մի փուլում դա պարզապես անհնար է դառնալու։

Կարճ ասած՝ Մոսկվան արցունքներին չի հավատում և Էրդողանի «խաղաղարար» ջանքերն այլևս չեն համոզում։ Իրականում ռուս-թուրքական հարաբարությունները հեռու են դաշնակցային լինելուց, ինչպես փորձում են համոզել որոշ շրջանակներ, իսկ առաջիկա զարգացումները կարող են գլխիվայր շրջել դրանք։


Դավիթ Գույումջյան



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի