Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:00 02-11-2024

«Իմ քայլի» դրամահավա՞ք, թե՞ նվաստացնող ռեկետ

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: Այս մասին տեղեկացնում է «Իմ Քայլը» հիմնադրամը։ Ի՞նչ է սա իրականում, նպատակային դրամահավա՞ք, թե՞ նվաստացուցիչ ռեկետ։

Առաջին կասկածն առնչվում է դրամահավաքի հռչակված նպատակին։ Ըստ հիմնադրամի հայտարարության, հավաքված միջոցներն ուղղվելու են սկսնակ գործարարներին։ Աշխարհում հաջողակից սկսնակին ոչ թե փող են փոխանցում, այլ նրա հաջողության պատմությունը։ Ուստի՝ այստեղ ինչ-որ բան այն չէ

Հաջորդն առնչվում է ընդունված ձևին։ Աշխարհում սկսնակին աջակցելու նախաձեռությունը կոչվում է ստարտափ, որին մասնակցում են սկսնակներն ու պոտենցիալ ներդրողները։ Սկսնակները ներկայացնում են գաղափարներ, իսկ ներդրողները գումար տրամադրում։ ՀՀ-ում ևս կազմակերպվում են ստարտափներ, որոնց մասնակցում է նաև «Իմ քայլը»։ Երկրներ կան, որտեղ ստարտափային նախագծերը ֆինանսավորվում են՝ առանց բացառության։ Եթե «Իմ քայլը» ցանկություն ունենար աջակցել ներդրումների կարիք ունեցողներին, ապա կկազմակերպեր ստարտափ և գործարարներին կոչ կաներ ներդրումներ անել, այսինքն՝ուղղակի ֆինանսավորել սկսնակներին։ Այսինքն՝ եթե հիմնադրամը չի գնացել այս տրորված արահետով, ապա կասկած է առաջանում, որ սա ռեկետ է։

Իսկ ի՞նչ է ռեկետը։

Ռեկետը, հայերեն՝ շորթումը, կազմակերպված հանցագործության ձև է, ՀՀ-ում տարածվել է առաջին տարիներից։ Շորթողը տնտեսվարողից, դրամ է կորզում, խոստանալով, որ կպաշտպանի նրան հանցագործների հարձակումներից։ Իսկ այս դեպքում կասկած կա, որ իշխանության հետ ասոցիացվող հիմնադրամը փող է կորզում գործարարից, խոստանալով նրան պաշտպանել չինովնիկների հարձակումներից։

Շատերն են հիշում, որ «Իմ քայլը» 2019-ին մի շարք գործարարներից նամակով պահանջել և ստացել էր 10-ական մլն դրամ։ Այս դրամահավաքն աղմուկ էր բարձրացրել։ Որոշ գործարարներ վրդովվել էին թե՛ գումարի չափից, թե՛ հասցեական պահանջից։ Շատերն այս դրամահավաքը համեմատել էին ռեկետի հետ։

Այս աղմկահարույց դրամահավաքից հետո «Իմ քայլը» զգուշավորություն է ցուցաբերում, պահանջվող գումարի չափը՝ 10-ից իջեցրել է 1 մլն դրամ, ընդլայնել «նվիրատուների» շրջանակը, վերջիններս զգուշացնում է, որ լրագրողներին ասեն, թե կամավոր են մուծվում, հասցեական չեն թիրախավորվել, այլ հայտարարություն են կարդացել, իրենց մեջ զարթնել է սոցիալական պատասխանատվության գիտակցումն, ու մեծ ցանկություն են ունեցել գումար նվիրաբերել Փաշինյանի հետ ասոցիացվող հիմնադրամին։ Սովորաբար՝ շորթողը ռեկետի ենթարկվողից կորզում է խոստում, որ նա ոչ ոքի չասի, որ ռեկետի է ենթարկվել, այլ սրտանց է նվիրել աշխատած փողը։

Իսկ ինչու՞ են կազմակերպել ռեկետ հիշեցնող դրամահավաքը։

Հիմնական վարկածն առնչվում է երիտասարդ տղամարդկանց հավաքագրմանը։ Հիմնադրամից ֆինանսական աջակցություն ստացած երիտասարդ տղամարդիկ կդառնան ՔՊ համակիրներ, գուցե նաև անդամներ, որոնք ընտրությունների ժամանակ տեղերում կաշխատեն հօգուտ ՔՊ-ի ու կապահովեն քվեներ։

Ուշագրավ են նաև «Իմ քայլի» հաշետվությունները։ Հիմնադրամի կայքում տվյալները շատ ընդհանրական են և անորոշ։ Մասնավորապես՝ 2023-ի հաշվետվության մեջ նշված է, որ 7 մլն դրամ ուղղվել է «այլ նախաձեռնությունների»։ Իսկ մյուս ծրագրերի վերաբերյալ նշված են ծախսերի ընդհանուր գումարը և կատարված աշխատանքների ընդհանուր նկարագրությունը։ Նշված չէ, թե կոնկրետ աշխատանքների վրա ի՞նչ գումար է ծախսվել։ «Ազդարարի» որոնման համակարգը ևս տվյալ չի տրամադրում «Իմ քայլի» ֆինասական հաշվետվությունների վերաբերյալ։ Այս անորոշ պատկերը տեսնո՞ւմ են նվիրատուները։ Նրանց չի հետաքրքրո՞ւմ, թե իրենց տված 1 կամ 10 մլն դրամն ինչի՞ վրա է ծախսվել։ Սա հավելյալ հիմք է կասկածելու, որ գործարարները պարզապես ռեկետի են ենթարկվում ու հաշտվել են դրա հետ, քանի որ ապահովագրում են իրենց գործն ու փողերը հանիրավի հետապնդումներից։

Եվ սարսափելին այն է, որ ռեկետ հիշեցնող հարկադրական դրամահավաքը նսեմացնում է գործարարի սոցիալական առաքելությունը, արժեզրկում սոցիալական պատասխանատվության գաղափարը, առաջացնում սոցիալական խզում, քաղաքացիանական հասարակության քայքայման ռիսկ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում