Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:10 14-10-2024

Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել կոմունիկացիաների ապաշրջափակման իրագործման գործընթացը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հայտարարությանը, որով վերջինս Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ՝ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում։


ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Բաքվից հնչած հայտարարությանն արձագանքել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։

- Տիկի՛ն Բադալյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը, մեկնաբանելով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած դիտարկումները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մի շարք դրույթների մասին, դրանք անվանել է իրականությունն աղավաղող և Հայաստանի Հանրապետությանը մեղադրել է ստանձնած պարտավորությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ասածները:

- Մենք պետք է նայենք փաստերին: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ Լեռնային Ղարաբաղում լինեն ռուս խաղաղապահներ, ինչպես նաև 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք՝ ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո, բայց ոչ Լաչինի միջանցքը կա, ոչ ՌԴ խաղաղապահները:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է, որ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածք չկա, Լեռնային Ղարաբաղ չկա, ինչն, ըստ էության, նշանակում է եռակողմ հայտարարությամբ նախատեսված այս պարտավորության կատարումից հրաժարում: Ոչ մի հայ փախստական կամ ներքին տեղահանված մինչև օրս չի վերադարձել ո՛չ Լեռնային Ղարաբաղի տարածք, ո՛չ հարակից շրջաններ:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակում. մինչև այսօր ադրբեջանական բանտերում պահվում են հայեր, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերին կամ հոկտեմբերին գերեվարված: Ադրբեջանն ասում է, որ նրանք ռազմագերի չեն: Եթե ռազմագերի չեն, ուրեմն պատանդ են կամ այլ պահվող անձ. եռակողմ հայտարարության ձևակերպումը վերաբերվում է անազատության մեջ գտնվող ցանկացած անձի:

Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է նաև անհայտ կորած անձանց հարցը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես այս հարցը բարձրացնում է, որովհետև երկու պատերազմների հետևանքով շուրջ հազար անհայտ կորած անձ էլ հայկական կողմն ունի, և մենք պատրաստ ենք այս հարցում նույնպես համագործակցել:

Ինչ վերաբերվում է եռակողմ հայտարարության 9-րդ կետին, դրանով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունն է իր տարածքում կազմակերպում բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցումը և երաշխավորում նրանց անվտանգությունը: Սա շատ պարզ ձևով գրված է հայտարարության մեջ: Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը դա պետք է անի իր իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմիններին, եռակողմ հայտարարության 9-րդ կետով նրանց ֆիզիկական ներկայություն նախատեսված չէ:

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում մենք առաջարկներ ենք փոխանցել ադրբեջանական կողմին: Շահագրգռված լինելով տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը և իրականում նախատեսված է եռակողմ հայտարարությամբ՝ մենք Ադրբեջանին առաջարկել և առաջարկում ենք օր առաջ սկսել ապաշրջափակման իրագործման գործընթացը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի