Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 19:30 30-08-2024

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին կձերբակալվի՞․ իրավագետի կարծիքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա։ Եթե Պուտինի այցը տեղի ունենա, ապա Ռուսաստանի նախագահը 2023-ի մարտից ի վեր առաջին անգամ կայցելի մի երկիր, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել, իսկ Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով պետք է կատարեն օրդերը։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Կրեմլին չի անհանգստացնում այն, որ Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք Կրեմլում մտահոգություններ կան՝ կապված Մոնղոլիայի կողմից ՄՔԴ-ի իրավասության ճանաչման հետ, ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ոչ, անհանգստություն չկա»։

Oragir.News-ի հետ զրույցում իրավագետ Արտաշես Խալաթյանը նշեց, որ Մոնղոլիայի իշխանությունները, Հռոմի ստատուտը ստորագրելով, Պուտինին ձերբակալելու պարտավորություն ունեն, իսկ դա շրջանցելը քաղաքական նշանակություն կունենա։


Խալաթյանի խոսքով՝ պրակտիկայում Ռուսաստանի նախագահին ձերբակալելու որոշումը շրջանցելու ամենակիրառելի տարբերակն այն է, որ Մոնղոլիայի իշխանությունները նախապես հրապարակային կերպով, ինչպես դա ժամանակին արեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը, կամ դիվանագիտական խողովակներով նախազգուշացնեն, որ նման գործողության կդիմեն՝ ի կատարումն Հռոմի ստատուտի պահանջների և հորդորեն Պուտինին չայցելել իրենց երկիր։

«Այսինքն՝ դա է ամենաընդունելի տարբերակը, որպեսզի միևնույն ժամանակ ֆորմալ առումով չհայտնվեն Հռոմի ստատուտը խախտողի դերում, իսկ եթե ոչ, ապա դա արդեն կդիտարկվի Հռոմի ստատուտով ստանձնած պարտավորությունների խախտում։ Իհարկե քաղաքական առումով պետությունների կշիռների տարբերություն կա, բայց եթե բուն՝ իրավական առումով ենք նայում, դա կհամարվի Հռոմի ստատուտով ստանձնած պարտավորությունների խախտում»,- ասաց նա։

Oragir.News-ի հարցին՝ եթե Պուտինն ամեն դեպքում այցելի Մոնղոլիա և այդ երկրի իշխանությունները չձերբակալեն նրան, ապա դա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ՝ Արտաշես Խալաթյանը պատասխանեց, որ այստեղ խնդիրն այն է, որ այդ խախտումն Մոնղոլիայի համար առավելապես քաղաքական հետևանքներ կունենա։ Նա շեշտեց՝ փաստացի կստացվի, որ Մոնղոլիան հավատարիմ չէ այն պարտավորություններին, որոնք կամավորապես ստանձնել է՝ միանալով Հռոմի ստատուտին։

«Այստեղ շատ կարևոր է, թե Հռոմի ստատուտին միանալով, Մոնղոլիան ի՞նչ վերապահումներ է արել, թեպետ այդտեղ վերապահումների համար հնարավորինս քիչ տեղ է թողնված։ Բոլոր պարագաներում կարևոր է նաև ամբողջ դիվանագիտական փաթեթի ուսումնասիրումը՝ կոնկրետ Մոնղոլիայի դեպքում, բայց պարզ է, որ քաղաքական առումով դա բացասաբար կազդի այդ պետության՝ որպես միջազգային իրավունքի գերակայության այդ գործիքին միացած պետության իմիջի վրա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում