Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 11:38 16-08-2024

Ալիևն օգնելու է այս իշխանությանը վերարտադրվել, գինը Հայաստանն է. Վահե Հովհաննիսյան

Հայաստանյան կիսամեռած կյանքում որոշակի իրարանցում առաջացրեցին Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի ձևակերպումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

«Բացառապես որոշ զլմ-ների, հանրային-քաղաքական գործիչների, փորձագետների մի փոքր անվանացանկի շնորհիվ Հայաստանը թեթև կենդանության նշաններ ցույց տվեց՝ իր ճակատագրի մասին արված ձևակերպումների ֆոնին։

Ակնհայտ է, որ եղել են հայ-ադրբեջանական ստվերային շփումներ՝ Արևմուտքի զգալի միջնորդությամբ, և կարծես, թե ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։

Ունեմ հիմնավոր վարկած, որ իսկապես ձեռք է բերվել ստրատեգիական պայմանավորվածություն. Ալիևն օգնելու է այս իշխանությանը՝ վերարտադրվել։ Գինը Հայաստանն է։

Ալիևը սեպտեմբերին ավարտում է իր ընտրական ցիկլերը և բանակցել է Ադրբեջանի շահերի համար։ Արևմուտքը բանակցել է իր ստրատեգիական շահերի, իսկ Հայաստանը բանակցել է հանուն Նիկոլի իշխանության։ Բանակցությունների հենց այս սկզբունքային նրբությունն էլ հնարավորություն է տվել՝ հասնել պայմանավորվածությունների։

Դրա տեխնոլոգիական ընթացքը կարող է լինել այսպիսին. մինչև Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանը Նիկոլին տալիս է հայ հասարակության վրա խաղաղության էմոցիաներ ծախելու հնարավորություն, գուցե՝ ինչ-որ նախաստորագրված թղթի կտոր, մեղմված հռետորաբանություն, Հայաստանի հետ վերջնական խաղաղություն ունենալու հրապարակային խոստումներ և այլն։ Գուցե պրոքսի գործիչներով սպառնալիքներ՝ Նիկոլ մերժելու դեպքում ինչ կլինի և այլն։

Այս ամենի դիմաց Ալիևն ամենայն հավանականությամբ ստացել է իր ուզածը՝ Հայաստանյան ընտրություններից հետո, այս իշխանության վերարտադրումից հետո՝ իր ստրատեգիական պահանջների բավարարում՝ միջանցք, փախստականների վերադարձ, անկլավներ և այլն։ Չի բացառվում, որ պայմանավորվածությունները կարող են այլ որակի լինել։

Պետականության և անվտանգության թեմաներով գուշակություններ չեն անում և չեն ապավինում «գուցե պլստանք» ամենակործանարար հույսին։

Այս և այլ հրեշավոր սցենարներին դիմակայելու համար Հայաստանը պետք է դուրս գա իր անմիտ վիճակից ու քաղաքական բովանդակություն տա իր ներկային ու ապագային։ Փախստականների մեծ՝ 2.5 մլն-անոց ճամբար հիշեցնող մեր վիճակից պետք է անցնել պետություն ունեցող և պահելու որոշմամբ հասարակություն։ Իսկ սա հնարավոր է միայն նոր քաղաքական-հանրային միավորների, ձևաչափերի ստեղծմամբ, որոնք հասարակությանը կունենան ասելու և առաջարկելու բան։

Մենք չենք ուզում ընդունել, և իսկապես շատ ցավոտ է ընդունել, որ Հայաստանն այսօր արտադրում է միայն էմոցիաներ ու պարզունակ պատկերացումներ։ Ունենք ամեն ինչ՝ ռուսին, ամերիկացուն թշնամի համարող շերտեր, Իրանին ամենափրկիչ տեսնողներ, Նիկոլ անիծողներ և նախկիններին ատողներ... Էմոցիաների ամբողջ սպեկտրն ունենք։ Իսկ իրականության սթափ ընկալում ունեցող և լուծումներ տեսնող միավորների ու անհատների թիվը չափազանց փոքր է։

Ալիև-Նիկոլ պայմանավորվածությունները, որոշակի զարգացումների դեպքում, Ադրբեջանը խախտելու է. դրան էլ պետք է պատրաստ լինել։ Եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը կտրուկ մեծանա՝ Իրանի ներգրավվածությամբ, կամ ռուս-ուկրաինական պատերազմի ծավալները մեծանան, ապա Ալիևը թքած է ունենալու թե´ COP-29-ի, թե´ ինչ-ինչ ստվերային պայմանավորվածությունների, թե´ Արևմուտքին տված ինչ-ինչ հավաստիացումնեդրի վրա, և օգտվելու է իրավիճակից։

Առաջիկա փուլի մեր խորքային խնդիրը անմիտ Հայաստանից (լավագույն դեպքում՝ էմոցիոնալ) քաղաքական Հայաստանի վերածվելն է», - գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ