Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 19:15 02-08-2024

Հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում ԱՄՆ-ը խուսափում է Ադրբեջանի դեմ լուրջ ճնշումներ գործադրելուց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը հայտարարել է, որ պետքարտուղարությունն ու անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շարունակում են խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում։ Այս մասին ամերիկացի պաշտոնյան ասել է իր ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Բաքվի բանտերում անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին։

«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը և պետքարտուղարը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ձեր նշած գործընթացի հետ կապված նորություններ չունեմ։ Բայց երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, և պետք է հարգի նրանց իրավունքները»,- ասել է Պատելը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նշեց՝ երբ նման հայտարարություններ են արվում, ապա դա նշանակում է, որ գետնի տակ ինչ-որ առևտուր է ընթանում։ Նա ենթադրում է, որ այս ամենը կապված է Սյունիքով անցնող միջանցքի հետ․

«Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան կոչեր է անում շուտափույթ այդ միջանցքը բացել, Միացյալ Նահանգները՝ նույնպես՝ երրորդ կողմի վերահսկողությամբ և այդ երրորդ կողմը հենց իրեն է տեսնում, ուստի Հայաստանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում։

Ըստ էության՝ այդ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, որն, ըստ Միացյալ Նահանգների, պետք է կնքվի, բնականաբար նաև այդ հարցը պետք է լուծի՝ այնպես, ինչպես իրենք են ցանկանում»։

Քաղաքագետը նկատում է՝ փորձը ցույց է տալիս, որ համար 1 կողմը, որը խոչընդոտում է այս գործընթացը, Ադրբեջանն է։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը, նորանոր պահանջներ ներկայացնելով, պատճառաբանություններ է բերում, որպեսզի այդ պայմանագիրը չստորագրվի։

«Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը նախ խուսափում է Իրանից, որտեղ իրեն, ինչպես նաև Հայաստանին զգուշացնում են, որ այդ միջանցքը չպետք է լինի, իսկ մյուս կողմից Ռուսաստան-Իրան՝ հյուսիս-հարավ ճանապարհն է կառուցվում, որին դեմ են թե՛ արևմուտքը, թե՛ Թուրքիան, որը դուրս է մնում այդ նոր կոմունիկացիաներից»,- ասաց նա։

Ստեփան Դանիելյանը չի բացառում, որ ԱՄՆ-ից հնչող այս հայտարարությունն ուղղված է Ադրբեջանի դեմ՝ առ այն, որ իր նկատմամբ լրացուցիչ ճնշումներ կլինեն, եթե վերջինս շարունակի խոչընդոտել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

Oragir.News-ի հարցին, թե ցանկության դեպքում ԱՄՆ-ն կարո՞ղ է Ադրբեջանի նկատմամբ այնպիսի ճնշումներ գործադրել, որոնք այդ երկրին կստիպեն ազատ արձակել հայ ռազմագերիներին, ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց, ԱՄՆ-ին հայ ռազմագերիների ազատ արձակումն առանձնապես չի հետաքրքրում։ Նա շեշտում է՝ ԱՄՆ-ին առավելապես հետաքրքրում են իր ռազմավարական խնդիրները։

«Միացյալ Նահանգները կարող են շատ լուրջ սանկցիաներ կիրառել Ադրբեջանի դեմ, այդ թվում իշխող ընտանիքի հանդեպ, որոնց գումարների մեծ մասը արևմուտքում են պահվում։ Մյուս կողմից սակայն ԱՄՆ-ում խուսափում են նման քայլ անելուց, որովհետև ճնշումների դեպքում հնարավոր է, որ Ադրբեջանը ավելի արագ ու հիմավոր շարժվի դեպի Իրան, Ռուսաստան և Չինաստան։ Դրա համար իրենք դեռևս սպառնում են, սակայն քայլեր չեն ցանկանում ձեռնարկել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում