Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 20:13 23-07-2024

Հունաստանի Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին

Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարն անդրադարձել է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի վերաբերյալ մոտեցումները։

«Հարավարևելյան Եվրոպայի ավելի լայն տարածաշրջանում իրավիճակը անկայուն է։ Ընդհանուր անկայունությունը անհանգստության հիմք է ստեղծում տարածաշրջանում նոր վայրիվերումների համար։ Մենք մի փոքր կընդլայնենք մեր ուշադրության կենտրոնը, կդիտարկենք զարգացումները Հարավային Կովկասում, քանի որ այնտեղ մոտ 10 ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական և արյունալի էջը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի մեկօրյա խոշոր հարձակումը ինքնավար Լեռնային Ղարաբաղի դեմ, որտեղ գերակշռում է հայկական տարրը, բավական էր Բաքու-Երևան ավելի քան երեք տասնամյակ տևող հակամարտությունը դրամատիկ ավարտին հասցնելու համար՝ առնվազն ժամանակավորապես: Արցախի պաշտպանության բանակը, ինչպես կոչվում է Լեռնային Ղարաբաղի Զինված Ուժերը, հարկադրված է լուծարվել, իսկ հայկական ծագումով հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ բռնի տեղահանվում են։ 21-րդ դարի տեղահանման ամենաողբերգական պատմություններից մեկն է սա»,- նշել են հաղորդաշարի հեղինակները։

Թեմայի շուրջ նրանք զրուցել են Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ։

«Սա ժամանակակից պատմության ամենաողբերգական դրվագներից մեկն է, երբ 100,000-ից 120,000 մարդ ենթարկվել է էթնիկ զտումների: Հազարավոր տարիներ շարունակ հայերը ապրել են այս տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այն եղել է մեր հայրենիքի մի մասը։ Եվ ընդամենը մի քանի օրում ամբողջ տարածաշրջանը զտվեց հայերից։ Հուսով եմ, որ ապագայում հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այս պահին միգուցե դա կարող է իրատեսական չթվալ, բայց արդարության վերականգնման հավատը մեր կյանքի շարժիչ ուժն է»,- ասել է դեսպան Մկրտչյանը:

Խոսելով սահմանների մասին, Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը դրական է վերաբերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ընթացող խաղաղ բանակցություններին, սակայն չի թաքցրել իր մտահոգությունը։

«Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության և սահմանների ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում և իրավիճակային դիվանագիտություն է վարում, որի հիմքում ուժի կիրառումն է՝ իր նպատակներին հասնելու համար»,- ասել է դիվանագետը։

Հաղորդաշարի հեղինակներն արձանագրել են, որ Բաքուն, ի թիվս այլ բաների, պահանջում է վերանայել Հայաստանի Սահմանադրությունը, որպեսզի հանվի երկրի Անկախության Հռչակագրի մասին հիշատակումը, որը մեկնաբանում է, ինչպես ՀՀ դեսպանն է ասում, որպես իբրև իր /Բաքվի/ դեմ տարածքային պահանջների ակնարկ։ Նաև պահանջում է Երևանին ընդունել անվտանգության երաշխիք հանդիսացող ուժի տեղակայումը միջանցքում, որը կապահովի ադրբեջանցիների տեղափոխումը ադրբեջանական կողմից վերահսկվող Նախիջևանի ինքնավար հանրապետություն, տարածք, որը չունի Ադրբեջանի հետ ընդհանուր սահման և գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև:

Հաղորդաշարի հեղինակների կարծիքով՝ մինչ երկու կողմերի միջև խաղաղության պայմանագիրը կարծես դեռ հեռու է ստորագրումից, Հայաստանը, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը։

«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, կարող եմ ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ԵՄ-ի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում, և Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ այդ համագործակցությունը խորացնելու համար։ Եվրոպական կողմից կա փոխադարձ պատրաստակամություն, և մենք տեսնում ենք, որ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանը եվրոպական երկիր է։ Անշուշտ, իր արժեքներով, մարդու իրավունքների, խոսքի ազատության և բոլոր ժողովրդավարական հատկանիշներով Հայաստանն ավելի առաջ է, քան մեզ շրջապատող շատ երկրներ։ Ուստի երկրի համար եվրոպական հետագծի զարգացումն անխուսափելի է»,- հայտնել է դեսպան Մկրտչյանը։

Հաղորդաշարի հեղինակների դիտարկմամբ՝ այնուամենայնիվ Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում սև ամպերը դեռ շարունակում են թանձրանալ, և ըստ վերլուծաբանների գնահատման՝ Ադրբեջանի բանակը, Հայաստանից շատ ավելի ուժեղ, դեռ մշակում է պատերազմի սցենարներ՝ դեպի Նախիջևան Ադրբեջանի անարգել մուտքն ապահովելու համար․ սցենար, որը կարող է հանգեցնել Հայաստանի մասնատմանն ու փախստականների զանգվածային նոր ալիքի։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ