Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 14-06-2024

Ապրիլի 24-ից Հունիսի 14. խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակի օրն է

Հունիսի 14-ին՝ քաղաքացիներն այցելում են Բռնադատվածների հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակին։ Սակայն ՀԱՊԿ-ի և Բեառուսի դեմ խոսող, ընդդիմությանը Կրեմլի գործակալ անվանող ՔՊ-ական իշխանությունները դեռ ոչ մի անգամ կազմակերպված չեն այցելել հուշահամալիր, ապացուցելով, որ իրենց խոսքն ու գործը տարբեր են։ Ինչու՞ է կարևոր Հունիսի 14-ը։

Ժողովուրդն Առաջին աշխարհամարտի տարիներին ցեղասպանության է ենթարկվել, տալով 1,5 միլիոն զոհ։ Ապրիլի 24-ին գնում ենք Ծիծեռնակաբերդ, ծաղիկ դնում։ Ապրիլի 24-ի մասին գիտեն բոլորը։ Հունիսի 14-ի մասին, ցավոք՝ ոչ բոլորը։ Այնինչ՝ դրանք շատ նման են։

Սովետա-գերմանական պատերազմին հայ ժողովրդի տված 300 հազար զոհերի մի մասը կարծում էր, որ կռվից հետո հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքները մասամբ կվերականգնվեն։ Նրանք զոհվեցին խաբված։ Ոչինչ չենք ստացել։ Ոչ մի իրավունք, ոչ մի հատուցում, ոչ մի թիզ հող։ Դա քիչ էր, 1949-ի հունիսի 14-ի գիշերը 13 հազար հայերի գնացքներով աքսորեցին Սիբիր։ Դա կատարվեց «Դավաճան ժողովուրդների մասին» ստալինյան հրամանով։ 300 հազարին գումարվեց 13 հազարն ու դավաճանի հանիրավի մեղադրանքը։

Երիտթուրքերը հայերին համարում էին դավաճան ժողովուրդ, բռնի գաղթեցնում ու ցեղասպանում։ Երիտթուրքերի իրավահաջորդից՝ ներկայիս Թուրքիայից, լիարժեք ճանաչում ու հատուցում ենք պահանջում։ Նույնպես շատերը հիշում ու հարգում են 1949-ին 13 հազար բռնագաղթվածների, 1937-ին հանիրավի սպանված հարյուրավոր հայ մտավորականների, 1921-ին կացնահարված, գնդակահարված, աքսորված հազարավոր հայ սպաների հիշատակը։ Նմանապես՝ արդարացի իրավունք ունենք սովետի իրավահաջորդից պահանջելու լիարժեք ճանաչում ու հատուցում։

Ստալինն ու Հիտլերը մարդկության դեմ հանցագործություններն ու 1939-ից նախաձեռնած համատեղ նվաճողական ծրագրերը ծամում էին նախընթաց տարիներին։ Սովետը 1937-ին հայ մտավորականներին սպանել է առանց հիմնավոր մեղադրանքի, կասկածելով, թե կարող են գործել սովետա-նացիստական ծրագրերի հակառակորդների օգտին։ Երիտթուրքերը հայ մտավորականներին սպանել են նույնպես առանց հիմնավոր մեղադրանքի, կասկածելով, թե վերջիններս կարող են գործել իրենց հակառակորդների օգտին։ 1915-ին և հաջորդած տարիներին մտավորականների սպանությունները, ժողովրդի տեղահանություններն ու զանգվածային սպանությունները տասնամյակներ անց որակվել են Ցեղասպանություն։ Ազգային օրացույցում սևով նշված Ապրիլի 24-ին խոնարհվում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի առաջ։ Խորհրդային բռնազավթման տարիներին՝ 1921-ին հայ սպաների կացնահարումը, գնդակահարումն ու աքսորը, 1937-ին հայ մտավորականների սպանդը, հալածանքները, 1949-ին 13 հազարի հանիրավի բռնագաղթը, Հայաստանի անկախության համար պայքարող ԱՄԿ անդամների հետապնդումները մեկ ընդհանուր հանցագործություն է հայ ժողովրդի դեմ։ Այն մարդկության դեմ հանցագործություն է և վաղեմության ժամկետ չունի։ Այդ հաշվի առնելով, Ազգային օրացույցում ներառված Բռնադատվածների հիշատակի օրը՝ Հունիսի 14-ին՝ հարգանքի տուրք են մատուցում խորհրդային բռնազավթման զոհերի հիշատակին, որ մարդկության դեմ հանցագործություն կատարածն իմանա, որ մենք այդ մասին հիշում ենք։

1921-ից Ռուսաստանն ու Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ էին, միմյանց վերաբերվում էին եղբայրաբար՝ Մարտի 16-ի պայմանագրի ոգով։ Երիտթուրքերի իրականացրած եղեռնի մասին խոսելը-պատմելը տասնամյակներ շարունակ քրեորեն պատժելի էր։ Բազմաթիվ հայեր այդ մեղադրանքով ազատազրկվել են, աքսորվել Սիբիր, սպանվել։ Տասնամյակներ անց երիտթուրքերի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունը որակվեց Ցեղասպանություն։ Նույնպես խորհրդային բռնազավթման տարիներին խորհրդային իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունը մարդկության դեմ հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ, ինչպես ցեղասպանությունը, և դատապարտվում է միջազգային հանրության կողմից։

Եվրոպական քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների և պատմաբանների կողմից 2008 թ. ստորագրվել է Պրահյան հռչակագիր եվրոպական խղճի և կոմունիզմի մասին։ Հռչակագրի նպատակն է կոմունիստական ոճիրների դատապարտումը և այն ներառելը կրթական ծրագրերում։ Երևանում Բռնադատվածների հուշահամալիրը բացվել է Պրահյան հռչակագրի ընդունումից մի քանի ամիս անց՝ 2008-ի դեկտեմբերի 3-ին։ Իսկ Հունիսի 14-ն օրացույցում հաստատելով ՀՀ-ն ցույց տվեց, որ գիտակցություն և ինքնասիրություն ունեցող ազգ է։ Հունիսի 14-ը նշվում է նաև մեր երբեմնի բախտակից երկրներում։ 1941 թվականի հունիսի 14-ին, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից արտաքսվել է 55.300 մարդ։ Մեծ մասը զոհվել են ճանապարհներին։ Այսօր մերձբալթյան պատմաբանները 1940-ականների բռնագաղթն ու հալածանքները որակում են ցեղասպանության ակտ։

Թուրքիան և Ռուսաստանը չեն ընդունում իրենց կատարած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ։ Բայց մենք հիշում ու պահանջում ենք և հավատում, որ մի օր կընդունեն իրենց մեղքն ու կհատուցեն։ Եվ ՀՀ կառավարությունը, քաղաքական համայնքն այդ օրը մոտեցնելու համար պարտավոր են համարժեք քայլեր կատարել։ Ամենաքիչը՝ պիտի Հունիսի 14-ին այցելեն Բռնադատվածների հուշահամալիր, ինչպես Ապրիլի 24-ին գնում են Ծիծեռնակաբերդ։

Ցավոք, Հունիսի 14-ի վերաբերյալ քաղաքական համայնքի դիրքորոշումը միանշանակ չէ, ինչպես Ապրիլի 24-ի հարցում։ Պահպանողական կուսակցությունն է հայտարարել, որ հունիսի 14-ին, ժամը 11-ին այցելելու է հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու։ Իսկ ինչպիսի վերաբերմունք կցուցաբերեն Հունիսի 14-ին խորհրդարանական և փողոցային ընդդիմությունն ու քաղաքականություն որոշողները, դեռ պարզ չէ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի