Ներքին 2 տարի առաջ - 23:00 28-05-2024

Գևորգ 5-րդ կաթողիկոսի մերժումը. եթե հայկական ուժերը չեն կարող պաշտպանել Էջմիածինը, ապա ես ինքս կանեմ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

1918 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում ստեղծվել էր օրհասական դրություն։ Թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռավորության վրա գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը, ինչից հետո թուրքական զորքերը սկսում են շարժվել Էջմիածնի և Երևանի ուղղությամբ։

Այս իրավիճակում հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը, Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկելով իր իսկ անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Հատկանշական է, որ Վեհափափ հայրապետը կտրուկ մերժում է այս առաջարկը և հայտարարում.

«Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:

Հանդիպումից հետո Վեհափառը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցը կոչով դիմում է հայ ժողովրդին.

«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մերհավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա:

Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:

Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից:

Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:


Կաթողիկոսի այս քայլը մեծ ազդեցություն ունեցավ իրադարձությունների հետագա զարգացման վրա. երբ Վեհափառը չանսաց բազմակողմանի հորդորներին և հրաժարվեց լքել Էջմիածինն ու պատսպարվել Սևանում՝ նախընտրելով մինչև վերջ մնալ Մայր Աթոռում, դա վճռականություն հաղորդեց ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլև զինվորականներին, որոնց մոտ վերջնականապես բյուրեղացավ գիտակցումը, որ Սարդարապատը հայության և Հայաստանի լինելիության այն վերջին գիծն է, որից այն կողմ նահանջելու տեղ չկա՝ ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեբանորեն:

Երևանում Արամ Մանուկյանի գլխավորությամբ հապճեպորեն ձևավորված իշխանությանը հաջողվեց լուծել ռազմաճակատը կազմակերպելու խնդիրը և զսպել բնակչության շրջանում անկումային տրամադրությունները, ինչը թույլ տվեց բանակին և կամավորներին ջախջախել մայիսի 21-ին Սարդարապատ կայարանը գրաված ու դեպի Երևան-Էջմիածին շարժվող թուրքական զորամիավորումներին:

Սարդարապատի ճակատամարտում հաղթանակով Արարարտյան դաշտի բնակչությունը փրկվեց ցեղասպանությունից, իսկ Արևելյան Հայաստանը՝ թուրքական նվաճումից:

Սարդարապատը դրեց հայկական պետականությունը վերականգնելու հիմքերը, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցավ, որ հայ ժողովուրդը վերջապես իր մեջք ուղղի և հավատա իր ուժերին։ Ցեղասպանության հետևանքով հոգևարքի մեջ գտնվող հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ մեկ բռունցք դառնալ, համախբել ուժերն ու ջախջախել թշնամուն, իսկ օրեր անց արդեն դա թույլ տվեց վերկանգնել անկախությունը և հռչակել Հայաստանի առաջին հանրապետությունը։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար