Արտաքին 2 տարի առաջ - 14:00 05-05-2024

Ամերիկացի կոնգրեսականը մեղադրվում է Ադրբեջանից 600 հազար դոլար կաշառք ստանալու մեջ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը Տեխաս նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարին և նրա կնոջը՝ Իմելդա Քուելարին կաշառակերության և դավադրության մեղադրանքներ է առաջադրել՝ Կոնգրեսում Ադրբեջանի շահերի լոբբինգի հետ կապված:

Հաղորդվում է, որ մայիսի 3-ին ամուսինները կալանավորվել են։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2014-2021 թվականներին Ներկայացուցիչների պալատի անդամ Հենրի Քուելարը և նրա կինը շուրջ 600 հազար դոլար կաշառք են ստացել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող էներգետիկ ընկերությունից և մեքսիկական բանկերից մեկից: Ենթադրվում է, որ դրա դիմաց Քուելարը համաձայնել է Կոնգրեսում առաջ տանել Ադրբեջանի շահերը։

ԱՄՆ արդարադատության նախարարության մեղադրանքում նշվում է, որ Քուելարը պետք է լոբբինգ աներ Ադրբեջանի համար բարենպաստ օրինագծերի ընդունման համար և Ներկայացուցիչների պալատի նիստում հանդես գար ադրբեջանամետ ելույթով։

Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ ամուսիններին վճարումները կատարվել են Իմելդա Քուելարին և նրանց երկու երեխաներին պատկանող ընկերության միջոցով, որը գրանցված է Տեխաս նահանգում: Կեղծ պայմանագրի շրջանակներում՝ ընկերությունը ադրբեջանական էներգետիկ ընկերությունից ամսական ստացել է 25 հազար դոլար՝ իբր ռազմավարական խորհրդատվության և առաջարկությունների տրամադրման ինչ-որ ծառայությունների դիմաց։

«Իրականում պայմանագիրը մտացածին է եղել և օգտագործվել է Հենրի Քուելարի ու Ադրբեջանի կառավարության միջև կոռուպցիոն համաձայնությունը կոծկելու և օրինականացնելու համար»,- ասվում է մեղադրական եզրակացության մեջ։

Մեղադրանքի մեջ հիշատակվում է այն փաստը, որ պայմանագրի պայմանների համաձայն՝ Իմելդա Քուելարն աշխատանքն ավարտելուց հետո ադրբեջանական էներգետիկ ընկերության վաշինգտոնյան գրասենյակ է ուղարկել կեղծ հաշիվ-ապրանքագիր։

«Իրականում, Իմելդա Քուելարը գործնականում իրական պայմանագրային աշխատանք չէր կատարում»,- կարծում է մեղադրող կողմը։

Կոնգրեսականը, ի պատասխան առաջադրված մեղադրանքների, ուրբաթ օրը հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր կինը՝ Իմելդա Քուելարը, «առաջադրված մեղադրանքներով մեղավոր չեն»:

«Այն ամենը, ինչ ես արել եմ Կոնգրեսում, արել եմ Տեխասի հարավի բնակիչների համար։ Նախքան որևէ գործողություն ձեռնարկելը, ես դիմել եմ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին, որն ինձ գրավոր եզրակացություն է տվել»,- հայտարարել է նա։ Կոնգրեսականը պնդում է, որ բոլոր հարցերի շուրջ խորհրդակցել է նաև իրավաբանների հետ:

«Ավելին, մենք խնդրեցինք հանդիպել Վաշինգտոնի դատախազների հետ՝ փաստերը պարզաբանելու համար, բայց նրանք հրաժարվեցին մեզ հետ քննարկել այս գործը կամ լսել մեր պնդումները»,- ասված է կոնգրեսականի հայտարարության մեջ։

Նախկինում Քուելարը եղել է Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանական կոկուսի (Ադրբեջանի հետ կապերի գծով կոնգրեսական խմբի) համանախագահ։

2022 թվականին Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն էր իրականացրել կոնգրեսականի՝ Տեխաս նահանգի Լարեդո քաղաքում գտնվող տանը, սակայն, Քուելարի փաստաբանի հայտարարությունների համաձայն, այն ժամանակ կոնգրեսականն այդ հետաքննության շրջանակներում որևէ կարգավիճակ չուներ։

Կոնգրեսականին և նրա կնոջը մեղավոր ճանաչելու դեպքում նրանց սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան