Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 21:24 02-05-2024

Եթե մեզ հետ չես, ուրեմն մեր թշնամին ես․ չեզոքությունն առավել վտանգավոր է․ Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակն է

«Մկրտիչ Սարգսյանն իմ անմիջական ընկերն էր, սերնդակիցը, իմ գրչակիցը։ Նրա հետ անցել ենք շատ դժվարին կյանք։ Բայց երևի նրա համար, որ մեր շրջապատում կային Մկրտիչ Սարգսյանի նման պայծառ մարդիկ՝ քիչ ենք դառնացել, լցվել թույնով ու մաղձով և այնուամենայնիվ․․․ բարի ենք մնացել»,-այսպես է բնութագրել իր գրչընկերոջը Սիլվա Կապուտիկյանը։

Այսօր բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակն է։



Իր գրականությամբ և արծարծած հարցերով Սարգսյանը դարձավ մի ողջ սերնդի առաջամարտիկը: Նրա գրականությունը պատերազմ անցած մարդու ողբերգությունը, առօրյան ու հոգեվիճակն էր ներկայացնում: Պատերազմ, որը խեղեց ու կործանեց, ծերացրեց ու խեղանդամ դարձրեց, բայց հաշմվեցին հատկապես հոգիները: Հոգու կենաց պայքարի, լավատեսության փիլիսոփայության ու կյանքի իմաստի մասին է Սարգսյանի գրականությունը։



«Ծնվել եմ 1924-ին Ախալքալաք քաղաքում։ Հայրս նույն շրջանի Բալխո գյուղից էր, տոհմիկ հովվական ընտանիքից՝ Չոբնենցից։ Մայրս քաղաքից էր, հնակարկատ (խարազ) Ներսեսի աղջիկը։

- Քաղաքի փոշտի վրա կարմիր բայրաղը քո հերն է տնկել,- ասում էր տատս։

Տասնմեկերորդ բանակի մի փոքրիկ զորախմբի կազմում հայրս մտել էր Ախալքալաք և հաստատվել այնտեղ։ Սիրահարվել էր մորս, ամուսնացել էին։ Ծնվել եմ յոթ ամսական, երկու ամսով կրճատելով մորս հղիությունը։



- Օրապակաս է, բայց պակասավոր չէ,- ասել է տատս։

- Յոթ ամսակա՞ն, - կասկածից մռայլվել է հորս ճակատը, սակայն իմ դիմագծերի ու արտաքինի մեջ իրենը տեսնելով, վրա է բերել, - իմն է, մենք ամեն տեղ առաջավոր ենք․․․ ու համբուրել ինձ։

Չգիտեմ, թե էլ ինչո՞վ է եղել Չոբնենց ընտանիքն առաջավոր, բայց փաստ է, որ մերոնք աշխատասեր, ծերը ծերին հազիվ հասցնող, հալալ ապրող ընտանիք են եղել և այդպես են նաև այժմ․․․



Ամենից շատ սիրել եմ տատերիս, ամենից շատ ինձ սիրել և երես են տվել տատերս։ Սոֆո մամ կամ «քաղքի մամ» մորս մայրն էր, «գեղի մամ»՝ հորս մայրը։ Երկու հորեղբայր և մի մորաքույր, երկու քեռի։ Քաղաքում և գյուղում՝ բազմաթիվ բարեկամներ ու ազգականներ։

Բարեկամությամբ շեն, հացով և ապրուստով՝ համեստ, բայց բաց սեղանով․ այսպիսին է մեր «ազգ ու տակը»։ 1931 թ․ ընդունվել եմ Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը և ավարտել 1941 թվականին։

1933 թվականին վախճանվեց հայրս և նրա հետ մեկտեղ իմ մանկությունն ու պատանեկությունը․․․»,- իր ինքնակենսագրությունում գրում է Մկրտիչ Սարգսյանը։



Միջնադարը միշտ էլ եղել է Մկրտիչ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, և պատահական չէ, որ նրա ստեղծագործական աշխարհում հաճախ ենք հանդիպում այդ շրջանի առանձին երևույթների։ Նրա հերոսներից մեկի զգացողությունները հրավառվում են միջնադարի քնարերգությամբ, բոցավառում նրա երևակայությունը՝ Շամիրամ, Սայաթ-Նովա, Քուչակ, Նարեկացի․․․․

«…Այս ծանր բախումներում ստուգվում է մեր արյան և նվիրվածության աստիճանը։ Այս գոտեմարտում, երիտասարդ, միջին ճանապարհ չկա։ Եթե մեզ հետ չես, ուրեմն մեր թշնամին ես, չեզոքությունն առավել վտանգավոր է, քանզի նա թաքնված, չճանաչվող թշնամություն է, որը կարող է հարմար պահի վերաճել բացահայտ թշնամության․․․»,-գրում է Մկրտիչ Սարգսյանը։




Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ