Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 03-04-2024

«Ռոյալ ֆլեշով» փաս կամ 4 թղթով 8. չհանձնվելու մասին այսօր խոսելը հեգնանք է 

Չբարեկամների՝ Ռուսաստանի և Ադրբեջանի, հակահայկական ելույթներն ու սահմանային սադրանքները Երևանում արձագանք չեն գտնում։ Սա հավելյալ վկայում է, որ չբարեկամները հայ քաղաքական համայնքում դաշնակիցներ, գործընկերներ չունեն։ Իսկ ՀՀ-ն իրական արտաքին դաշնակիցներ է ձեռք բերում ի դեմս՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի։ ԵՄ դիտորդները խիզախորեն հերքում են ռուս-ադրբեջանական կեղծիքները։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը զգուշացում է Բաքվին «զերծ մնալ սրվող հռետորաբանությունից կամ սահմանի երկայնքով ռազմական գործողություններից»: Իսկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո հայտարարում է. «Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր ենթարկվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների, և թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով՝ հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի անչափելի է դառնում»։

Այս հաստատակամ դիրքորոշումը որոշակի զսպում է չբարեկամներին։ Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը էապես մեծացնելու է Հայաստանի դիմակայունությունը։ Եվ Բաքուն հավանաբար՝ գիտակցում է, որ ծանր հակահարված կստանա, եթե Մոսկայի «խնդրանքով» ագրեսիա սանձազերծի ՀՀ-ի դեմ, որը փորձում է խորացնել գործընկերությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Ինչու՞ են ԱՄՆ-ն և Ֆրանսիան ուզում պաշտպանել Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը և ինչո՞ւ են ջանք գործադրում պատերազմը կանխելու ուղղությամբ։

Բանն այն է, որ Սառը պատերազմում հաղթելուց հետո Արևմուտքը խորհրդային բռնազավթումից ազատագրված երկրների անկախության և տարածքային ամբողջականության ջատագովն է եղել և մնում է, բացառությամբ հակաքաղաքակրթական ուղենիշ ընտրողների։ Օրինակ՝ Ադրբեջանը կարողացավ ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, քանի որ Բաքուն և նրա հովանավոր Թուրքիան Արևմուտքին ներկայացնում էին, թե ՀՀ-ն ռուսական գործիք է, ՔՊ-ական իշխանություններն էլ ՌԴ-ի կամակատարն են։ Իսկ 2023-ի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքակրթական ընտրության մասին ելույթից հետո, երբ բոլոր պատգամավորները ծափահարեցին, ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքը փոխվեց։ Հիմա ՀՀ անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում հաստատ կանգնած են Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Ապրիլի 1-2-ի ադրբեջանական սադրանքներին նրանց կտրուկ և հասցեական արձագանքը վկայում է, որ ՀՀ-ն ի դեմս նրանց հուսալի դաշնակիցներ ունի։ Ժողովրդի լեզվով ասած՝ Հայաստանի անկախությունը միայն մեր ուզելով չի, նաև աշխարհի ուզելով է։

Այս համատեքստում ծիծաղ է առաջացնում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ռազմավարական որոշում է կայացրել, որ չի հանձնվելու։ Նույնն է, թե՝ 4 թղթով 8 էլ չխոսես, «ռոյալ ֆլեշով» փաս գնաս։ Այսքան աջակցությունից հետո հանձնվելու մասին խոսելը հեգնանք է, փոքրոգություն, ինքնին կասկած է առաջացնում, որ Փաշինյանը քաղաքականության հանդեպ ինչ-որ վախ ունի։

Չհանձնվելու մասին հայտարարությունն անելու փոխարեն, Փաշինյանը կարող է համարժեք նախաձեռնություն ցուցաբերել, ապրիլի 5-ի կարևոր հանդիպումից առաջ անկախության և ժողովրդավարության ամրացմանն ուղղված քայլեր անել։ Օրինակ՝ կարող են ՀՀ սահմաններից ռուսական զորքերը դուրս հրավիրելու, լյուստրացիա իրականացնելու մասին հայտարարություն անել։ Կարող են հայտարարել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Ինչ-որ մի բան անել, որը կապացուցի ՔՊ-ական իշխանությունների հաստատակամությունը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ մարդիկ Նիկոլ Փաշինյանին ստախոս են համարում, ապա կուսակցական ժողովին չհանձնվելու մասին հայտարարությունը գրեթե ոչինչ է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում