Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 10:00 15-06-2026

Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Գործարար Գագիկ Ծառուկյանի անվան և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի շուրջ հարկային հսկողության իրավական գործընթացները բացահայտում են ուշագրավ փաստաթղթային մանրամասներ:

Ուսումնասիրելով ընկերության դեմ 2024 թվականին կազմված հարկային ակտը և ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովի N 38/2 որոշումը՝ ակնառու է դառնում, թե ինչպես են պետական մարմինները ձևակերպել միլիոնանոց տուգանքը: Այս գործընթացում կենտրոնական դերակատարում ունի ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ Պետրոս Քաթաբյանը, ում հետագա ճակատագիրը վերածվել է իսկական «ճակատագրի հեգնանքի»:



Ըստ ՊԵԿ պաշտոնական արձանագրության տվյալների՝ խախտման էությունը հանգում է նրան, որ 07.02.2024թ.-ին իրականացված հսկիչ գնման ընթացքում գլխավոր հարկային տեսուչ Պետրոս Քաթաբյանը կատարել է 4700 դրամի բնական գազի լիցքավորում (15.66 կգ՝ 1 կգ-ը 300 դրամ): Տեսուչը վաճառողին է փոխանցել 5700 դրամի թղթադրամ: Գազալցակայանի աշխատակից Գոռ Ղազարյանը վերադարձրել է 1000 դրամ մանրը, սակայն ստացված 4700 դրամը չի մուտքագրել ՀԴՄ և տրամադրել է միայն ընկերության ներքին սարքի (ոչ ֆիսկալ) կտրոնը:



Տնտեսվարողը փորձել է հիմնավորել, որ խախտում կամ շրջանառության թաքցնում տեղի չի ունեցել: Ընկերության պնդմամբ՝ փաստացի լիցքավորվել է 16.67 կգ գազ (5001 դրամի արժեքով), սակայն քանի որ գնումը գերազանցել է 5000 դրամի սահմանաչափը, կիրառվել է 6% ներքին զեղչ, և գանձվել է 4700 դրամ: ՍՊԸ-ն շեշտել է, որ ժամը 12:04-ին արդեն իսկ տպված է եղել 5001 դրամի ՀԴՄ կտրոն: Հղում անելով ՀՀ Կառավարության թիվ 1976-Ն որոշմանը՝ բողոքաբերը նշել է, որ կանոնների խախտում է դիտվում արժեքից ցածր մուտքագրումը, իսկ իրենք տպել են ավելի բարձր արժեքով կտրոն:



ՊԵԿ-ը հակադարձել է փաստագրված ժամագրությամբ. ժամը 12:23-ին հանված առաջին «Z» հաշվետվության մեջ գործարքը ներառված չի եղել: 4700 դրամի ՀԴՄ կտրոնը տպվել է միայն տեսուչների միջամտությունից հետո՝ ժամը 12:25-ին: Արդյունքում, ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով (200․000 դրամ + նախորդ եռամսյակի 250․848․006 դրամ շրջանառության 0.5%-ը), ընկերությանը առաջադրվել է 1․ 454․240 դրամի տուգանք: Բողոքարկման հանձնաժողովի որոշման տեքստից ակնհայտ է դառնում, որ ընկերության ներկայացրած տեխնիկական և հաշվարկային ծավալուն հիմնավորումները մերժվել են բացառապես տեսուչի ցուցմունքի հիման վրա: Փաստաթղթում բառացիորեն նշվում է. «...Պետրոս Քաթաբյանին ուղղված հարցին, թե կոնկրետ ինչքան գազ է լիցքավորվել՝ 15.66 կգ, թե՝ 16.67 կգ, հնչեց պատասխան, որ լիցքավորվել է 15.66 կգ գազ... բողոքաբերի վերոգրյալ պնդումները չեն հիմնավորվում նաև որևէ վերաբերելի ապացույցով»: Հանձնաժողովը գտել է, որ տվյալ դեպքում Արձանագրությունը կազմվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան, այսինքն՝ ոչ ֆիսկալ ներքին կտրոնի տրամադրման փաստն ինքնին բավարար է արձանագրությունը օրինական ճանաչելու համար, ինչի արդյունքում «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի դիմում-բողոքը մերժվել է:



Այս ամբողջ հարկային դրամայի ամենաաղմկահարույց շրջադարձը ի հայտ է գալիս դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական տվյալներից: Պարզվում է՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի նկատմամբ խախտում արձանագրած և 1000 դրամի չմուտքագրումը սկզբունքորեն պատժած գլխավոր հարկային տեսուչ Պետրոս Հակոբի Քաթաբյանն ինքն է անձնական իրավական պատերազմ սկսել ՊԵԿ-ի դեմ:

Ինչպես երևում է ներկայացված դատական հայցի մանրամասներից, տվյալ իրադարձություններից ամիսներ անց՝ ՊԵԿ-ը 2024թ.-ի սեպտեմբերի 9-ին հեռացրել է կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկել իր իսկ գլխավոր տեսուչին: Այժմ Պետրոս Քաթաբյանը հանդես է գալիս որպես հայցվոր և Վարչական դատարանում ներկայացրել է հետևյալ պահանջները. անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու կամ պատժելու վերաբերյալ ՊԵԿ նախագահի թիվ 1/2620-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում (իսկ հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով գումար վճարել՝ 10․09,2024թ․-ից մինչև փաստացի նախկին աշխատանքում վերականգնելու օրը, ինչպես նաև հաստիքի վերացման կամ անհնարինության դեպքում՝ համապատասխան փոխհատուցում տրամադրել։



Ստացվում է պարադոքսալ մի պատկեր: ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովը 2024 թվականին «Մուլտի-Լեոն» ՍՊԸ-ի միլիոնանոց տուգանքը ուժի մեջ է թողնում՝ որպես անսասան հիմք ընդունելով գլխավոր տեսուչ Պետրոս Քաթաբյանի բանավոր պնդումն ու խոսքը: Սակայն ընդամենը ամիսներ անց նույն ՊԵԿ-ը պաշտոնից հեռացնում է իր այդ «վստահելի» տեսուչին, ով այսօր դատական ատյաններում փորձում է ապացուցել, որ իր վերադաս մարմինը՝ ՊԵԿ-ը, գործել է անօրինական ու կամայական: Հավելենք՝ «Մուլտի Լեոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2000 թ-ից։ Ընկերությունը զբաղվում է հեղուկ գազի ներկրմամբ և իրացմամբ, բնական սեղմված գազով ավտոտրանսպորտային միջոցների գազալցմամբ։ Ընկերությունը 2003թ-ից ընդգրկվել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ