Ներքին 2 տարի առաջ - 11:20 16-02-2024

Արայիկ Հարությունյանը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը 

ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը բողոք է ներկայացրել ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին Oragir.News-ի՝ «Ռեկտորներ «խայտառակել ռեսպուբլիկան»․ Արայիկ Հարությունյանի «սերը» Վանաձորի ռեկտորին պրոֆեսոր է սարքել» վերնագրով հրապարակման վերաբերյալ, խնդրելով Oragir.News-ի և նշված հրապարակման վերաբերյալ տրամադրել փորձագիտական եզրակացություն և լրատվամիջոցին ներկայացնել հերքման պահանջ:

Ակնհայտ է, որ Oragir.News-ի նշված հրապարակման մեջ կան բավարար հիմքեր, որպեսզի իրավապահ մարմինները զբաղվեն խնդրով և պարզեն ԿԳՄՍ համակարգում տեղ գտած ենթադրյալ կեղծիքի հիմքերը, մերկացնեն պատասխանատուներին, պաշտպանեն օրենքն ու կարգուկանոնը, որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի, որ օտար երկրներում կասկածելի ճանապարհով ձեռք բերված և ՀՀ օրենքով ու պատշաճ ընթացակարգով չհաստատված կոչումներով կարող են ՀՀ-ում զբաղեցնել գիտական բարձր պաշտոններ։

Եթե իրավապահ մարմինները քննությամբ պարզեն, որ Ռուստամ Սահակյանի պրոֆեսորի գիտական կոչումը ճանաչվել է ՀՀ օրենսդրության և ԲՈԿ-ի պատշաճ ընթացակարգի խախտումներով, ապա Oragir.News-ը պարտավորվում է հրապարակել այդ մասին վարույթն իրականացնող մարմնի եզրակացությունը որպես ապացույց։ Եթե իրավապահ մարմինները քննությամբ պարզեն, որ Ռուստամ Սահակյանի պրոֆեսորի գիտական կոչումը ճանաչվել է ՀՀ օրենսդրության և ԲՈԿ-ի պատշաճ ընթացակարգի համապատասխան, ապա Oragir.News-ն այդ դեպքում ևս պարտավորվում է հրապարակել վարույթն իրականացնող մարմնի եզրակացությունը որպես հերքում։

Oragir.News-ը, Դիտորդ մարմնի նկատմամբ խորին հարգանքով, տեղեկացնում է նաև, որ եթե բողոքող քաղաքացին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը և/կամ նրա շահերի պաշտպանները Oragir.News-ի նշված հրապարակման վերաբերյալ տրամադրեն փաստեր, որոնցով կապացուցվեն, որ ոչ թե ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի, այլ ՀՀ կամ ՌԴ մեկ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյայի միջնորդությամբ, հանձնարարությամբ կամ խնդրանքով է ԲՈԿ-ը, խախտելով օրենքն ու պատշաճ ընթացակարգը և չստուգելով հիմքերը, 1 օրում ճանաչել Ռուստամ Սահակյանի պրոֆեսորի գիտական կոչումը, այդպիսով՝ թույլ տվել կեղծիք, ապա այդ փաստերը ևս որպես հերքում կհրապարակվեն Oragir.News-ում։

Մինչ այդ, Oragir.News-ն իրեն իրավունք է վերապահում կասկածելու, որ հրապարակման մեջ նշված ընթացակարգի խախտմանն ու ենթադրյալ կեղծիքին առնչվում է նաև ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ նա ի պաշտոնե պարտավոր էր տեղեկացված լինել բուհական բարձր պաշտոնյաների նշանակման ընթացակարգերի մանրամասներին որպես համակարգում տեղի ունեցողի թիվ 1 պատասխանատու։

Ուշագրավ է, որ Արայիկ Հարությունյանը ԴՄ-ին ուղղված բողոք-նամակում հայտարարում է, թե ԿԳՄՍ նախարարի պաշտոնում որևէ անձի գիտական կոչումը ճանաչելու վերաբերյալ երբևէ հրահանգ կամ անօրինական հանձնարարական չի տվել: Այս հայտարարությունը վկայում է, որ նախկին նախարարը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը։ Oragir.News-ը լիահույս է, որ իրավապահներն ի գիտություն կընդունեն նախկին նախարարի այս հայտարարությունը որպես ուշադրությունը խնդրից շեղելու, համակարգում տեղ գտած խայտառակության պատասխանատվությունը անհայտ անձի վրա բարդելու փորձ։

Հիշեցնենք՝ նշված հրապարակման մեջ նշվել էր, թե Oragir.News-ը պարզել էր, որ Ռուստամ Սահակյանը Ռուսաստանի Դաշնությունից իր հետ բերել է մի փաստաթուղթ, որն իբր հավաստում է, թե ինքը ՌԴ-ում ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, սակայն ՌԴ ԲՈԿ-ի՝ Высшая аттестационная комиссия-ի (ВАК) կայքում նման փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չկա։ Ինքը՝ Ռուստամ Սահակյանը, իր ինքնակենսագրականում ևս չի նշել կամ միտումնավոր թաքցրել է, թե կոնկրետ ում կողմից է իրեն շնորհվել գիտական կոչում՝ ՌԴ ԲՈԿ-ի՞, թե՞ ՌԴ կրթության և գիտության ոլորտի վերահսկման դաշնային ծառայության կողմից։

ՀՀ ԲՈԿ-ը պետք է համապատասխան հարցումով դիմեր ՌԴ ԲՈԿ-ին՝ պարզելու, թե արդյոք նշված անձն իրենց մոտ պրոֆեսորի կոչում ստացե՞լ է, թե՞ ոչ, որից հետո նոր միայն պրոֆեսորի գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ տրամադրեր, սակայն նշված գործընթացը տեղի չի ունեցել, ինչի մասին փաստում է նաև այն, որ ՌԴ ԲՈԿ-ի էլեկտրոնային շտեմարանում այդ մասին որևէ տվյալ չկա։

Oragir.News-ի տեղեկություններով, ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԲՈԿ այն ժամանակվա նախագահ Սմբատ Գոգյանին հանձնարարել է արագ ընթացակարգով ճանաչել Ռուստամ Սահակյանի պրոֆեսորի գիտական կոչումը, ինչն էլ 1 օրվա ընթացքում կազմակերպվել է։ Փաստացի ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը համապաստասխան ընթացակարգով չի առաջնորդվել և Արայիկ Հարությունյանի հրահանգով թուղթը կեղծել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի