Երևան +10°
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 20:09 10-02-2024

Ռեկտորներ «խայտառակել ռեսպուբլիկան»․ Արայիկ Հարությունյանի «սերը» Վանաձորի ռեկտորին պրոֆեսոր է սարքել

Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանին տրված պրոֆեսորի կոչումը ԲՈԿ-ի կողմից պաշտոնական փաստաթղթերի կեղծումով է տրվել։

Oragir.News-ը պարզել է, որ Ռուստամ Սահակյանը Ռուսաստանի Դաշնությունից իր հետ բերել է մի փաստաթուղթ, որը իբր հավաստում է, թե ինքը ՌԴ-ում ստացել է պրոֆեսորի գիտական կոչում, սակայն ՌԴ ԲՈԿ-ի՝ Высшая аттестационная комиссия-ի (ВАК) կայքում նման փաստաթղթի մասին որևէ տեղեկություն չկա։ Ինքը՝ Ռուստամ Սահակյանը, իր ինքնակենսագրականում ևս չի նշել կամ միտումնավոր թաքցրել է, թե կոնկրետ ում կողմից է իրեն շնորհվել գիտական կոչում՝ ՌԴ ԲՈԿ-ի՞, թե՞ ՌԴ կրթության և գիտության ոլորտի վերահսկման դաշնային ծառայության կողմից։



ՀՀ ԲՈԿ-ը պետք է համապատասխան հարցումով դիմեր ՌԴ ԲՈԿ-ին՝ պարզելու, թե արդյոք նշված անձն իրենց մոտ պրոֆեսորի կոչում ստացե՞լ է, թե՞ ոչ, որից հետո նոր միայն պրոֆեսորի գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ տրամադրեր, սակայն նշված գործընթացը տեղի չի ունեցել, ինչի մասին փաստում է նաև այն, որ ՌԴ ԲՈԿ-ի էլեկտրոնային շտեմարանում այդ մասին որևէ տվյալ չկա։

Oragir.News-ի տեղեկություններով, ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար, ներկայում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԲՈԿ այն ժամանակվա նախագահ Սմբատ Գոգյանին հանձնարարել է արագ ընթացակարգով ճանաչել Ռուստամ Սահակյանի պրոֆեսորի գիտական կոչումը, ինչն էլ 1 օրվա ընթացքում կազմակերպվել է։ Փաստացի ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը համապաստասխան ընթացակարգով չի առաջնորդվել և Արայիկ Հարությունյանի հրահանգով թուղթը կեղծել է։ Փաստացի սա քրեական հոդված է՝ պաշտոնական փաստաթղթի կեղծում։




Oragir.News-ը խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հետ, վերջինս ասաց, որ չի հիշում 4 տարի առաջ տեղի ունեցած գործընթացի մանրամասները։

«Ասացիք՝ 2020 թվականի՞ն է եղել, 4 տարի։ 4 տարի է՝ ես այնտեղ չեմ մտել․․․ Ավելի լավ է՝ Գիտության կոմիտե զանգեք և ճշտեք։ Եթե փաստաթուղթն անվավեր է, ինքը անվավեր է, ինքը պետք է որ նոտարով թարգմանած, բերած լինի»։

Ճշտող հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված եղել, որ հրատապ կարգով՝ 1 օրում է հաստատվել պրոֆեսորի գիտական կոչումի շնորհումը, և համապատասխան ճշտումներ չեն արվել ՌԴ (ВАК)-ից, Սմբատ Գոգյանը պատասխանեց․ «Կանոնակարգում նման բան չկա գրած՝ իմ հիշելով»։

Սմբատ Գոգյանը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ Արայիկ Հարությունյանի կողմից ճնշում, ուղղորդում չի եղել Ռուստամ Սահակյանի պրոֆեսորի կոչումը հաստատելու վերաբերյալ. «Ո՞նց կարող է նման բան լինել, բացարձակ նման բան չի եղել»։

Թեև Սմբատ Գոգյանը նշում է, որ կանոնակարգում նման բան չկա, բայց ԲՈԿ-ը պարտավոր է ստուգել՝ տվյալ երկրի համապատասխան կառույցի պաշտոնական կայքում նման կոչում շնորհելու վերաբերյալ տեղեկություն առկա է, թե ոչ։

Այս առումով ԲՈԿ-ում գիտական կոչումներ շնորհելու մասին փաստաթղթում նշված է․ «Այլ երկրներում ստացած գիտական կոչման փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից, եթե գոյություն ունեն համապատասխան միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր: Փաստաթղթերը համապատասխանեցվում են ԲՈԿ-ի կողմից սահմանված կարգով»:

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ԲՈԿ նախկին նախագահ Լիլիթ Արզումանյանի հետ, որն այդ պաշտոնից ազատվել էր 2018 թվականից։

«Ես այդ պատմությունը գիտեմ, որ խնդիրներ կան, որ կասկածելի է և այլն, բայց հստակ որևէ բան չեմ կարող ասել, քանի որ 2018 թվականից այնտեղ չեմ աշխատում։ Նաև չեմ հասկանում, թե ոնց կարող է պատահել ՌԴ ԲՈԿ-ում տեղյակ չլինեն, ու այստեղ դիպլոմը հաստատեն։ Մենք ժամանակին գրավոր չէինք դիմում, քանի որ ամեն ինչ բացարձակ բաց էր, մենք մտնում էինք համապատասխան կայքերը, համարներով ստուգում էինք ու հաստատում էինք»,- ասաց Լիլիթ Արզումանյանը։

Ճշտող հարցին՝ ինչ գործընթաց է հետևում, երբ պարզվում է, որ փաստաթուղթը կեղծված է, ԲՈԿ նախկին նախագահը պատասխանեց․ «Օրենքով պետք է չեղյալ հայտարարեն»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի հետ, սակայն նրա ընդունարանի հեռախոսի զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Բարձրագույն կրթության գիտության կոմիտե, խնդրել տրամադրել այն հիմքերը, որով ԲՈԿ-ը 2020 թվականին հաստատել է ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի պրոֆեսորի գիտական կոչումը։

Կոմիտեի պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք, սակայն մի բան հստակ է, որ ԲՈԿ-ը կեղծ փաստաթղթի հիման վրա է հաստատել պրոֆեսորի գիտական կոչումը, ինչը քրեորեն պատժելի արարք է։ Ուստի Գլխավոր դատախազությունն այս նյութը կարող է համարել որպես հանցագործության մասին հաղորդում։

Ամենից շատ դիտված