Մշակույթ 2 տարի առաջ - 19:18 12-02-2024

Ծմակուտը իմ սերն է, իմ վերաբերմունքը, իմ տագնապը մարդու համար․ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

«Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մաթևոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մաթևոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մաթևոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա»,- Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությանն այսպիսի գնահատական է տվել ամերիկահայ հսկան՝ Վիլյամ Սարոյանը:

Այսօր արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։



Հրանտ Մաթևոսյանի մանկությունն անցել է հայրենի Ահնիձորում, ու թեև այնտեղ ընդամենը 15 տարի է ապրել, բայց իր ողջ ստեղծագործությունը նվիրել է այս յուրօրինակ աշխարհին, որտեղ գյուղացին իր հողի, սարի, արջի տերն է։ Աշխարհից հեռու՝ կտրված այս հողակտորի վրա, Մաթևոսյանն իմաստուն էր դարձել․ «Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր, Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը: Այդ ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցրել»:

Երբ նրան հարցնում էին, թե ինչու է միայն գյուղական կյանքի մասին գրում, Հրանտ Մաթևոսյանն ասում էր.«Ծմակուտցի ցանկացած մարդու մեջ շեքսպիրյան ողբերգություն կա, շիլլերյան ճեղքվածք, տոլստոյական մաքրություն: Էլ ինչո՞ւ պիտի մարդ հորինեմ»:

Վիլյամ Սարոյանը չորս անգամ է եղել Հայաստանում: 1978թ․-ի այցի ժամանակ Սարոյանը ծանոթանում է Հրանտ Մաթևոսյանի հետ, որը աշխարհահռչակ ամերիկահայ գրողին տանում է իր «Ծմակուտ», իր ծննդավայր՝ Լոռու մարզի Ահնիձոր գյուղ։



Մաթևոսյանը գրել է խորհրդավոր այցի, իր հոր՝ Իգնատի գյուղական սովորական օրվա մեջ Սարոյանի հետ հանդիպման մասին։

«Վիլյամ Սարոյանի հետ հասանք մեր տուն: Ներքևի ճամփով մեր տուն հասնելն ու վերևի ճամփով հորս գալը մեկ եղավ: Էդքան մարդկանց մեջ հերս տեսավ Սարոյանին ու զարմացած ասաց՝ էս Սարոյա՞նն ա: Ձիու վրա գրկել էր ալյուրի պարկը: Պարկը մի կողմ թռավ, հերս մի կողմ, իսկ հաջորդ վայրկյանին իրար գրկի էին: Քիչ հետո ցնցվում էին երկուսի ուսերն էլ, թիկունքներում սրտի հուզմունքն էր: Բաժանվեցին մի քիչ հետո, հայրս նայեց Սարոյանին ու ասաց՝ բարով ես եկել, իմ տղին, էս ժողովրդին բարով ես բերել: Երկուսի աչքերից էլ առատ արցունք էր հոսել, թրջել երես ու ծոց: Երկուսն էլ հասակակիցներ: Երկուսն էլ ութ թիվ: Հիմա ինձ ասա՝ ինչու՞ լաց եղան․․․

Սարոյանը մտածում է՝ բա Հրանտի հոր նման մի էսպիսի խաղաղ, աշխարհից կտրված տուն չլինի, ինձ համար ապրեմ: Նամակ էր գրել, չէ՞, կուզեմ մի խրճիթ, ապարանք չեմ ուզեր, որ ամեն առտու իջնեմ ձորը, մարդկանց տեսնեմ ճամփուս, զրուցեմ, իմանամ, արմատներուս հետ ավելի ծանոթանամ ու գրեմ… Էսքան իմաստուն, ամեն ինչով հայ մարդը խոր տարիքում էլի իր միջի հայն էր որոնում, իսկ գրելու համար աշխարհից հեռու մի տեղ էր հարկավոր»:



Ու այդ աշխարհում էին ապրում Մաթևոսյանի հերոսները՝ կքած դառն ու դժվարին կյանքի ծանրության տակ, բայց չչարանալով, չթշնամանալով աշխարհի հետ, աշխարհից հեռու, բայց մատը աշխարհի թրթռացող նյարդի վրա․․․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ