Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 17:24 27-02-2026

Ահնիձորում Հրանտ Մաթևոսյանի անվան դպրոցը փակվում է․ գրողի որդին վտանգներ է տեսնում

Մերի Հակոբյան

Լրագրող

Ահնիձորի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցը այն 231 կրթօջախներից մեկն է, որոնց դռները սեպտեմբերի 1-ից կարող են չբացվել։

Կառավարությունը որոշում է կայացրել փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցները միավորել հարևան բնակավայրերի դպրոցների հետ։

ԿԳՄՍ նախարարությունը գործընթացը հիմնավորում է կրթության հասանելիության ընդլայնման և կրթության որակի բարձրացման անհրաժեշտությամբ։ Սակայն մի շարք համայնքներում այս որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացրել՝ կապված գյուղերի սոցիալական կյանքի, զբաղվածության և բնակչության պահպանման խնդիրների հետ։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի հետ։ Վերջինիս խոսքով՝ խնդիրը համակարգային է և չի վերաբերում միայն մեկ դպրոցի փակմանը։

«Սա միայն կրթական հարց չէ։ Սա գլոբալ կառավարման խնդիր է, որը նոր չի առաջացել։ Գյուղերի դատարկվելը, զբաղվածության բացակայությունը, արտագաղթը՝ դրանք են դպրոցների փոքրացման իրական պատճառները։ Դպրոցը պատճառ չէ, այլ հետևանք»,– ասաց նա։

Դավիթ Մաթևոսյանի համոզմամբ՝ դպրոցների խոշորացման ծրագրերը տեսականորեն կարող են հիմնավորված թվալ, սակայն գործնականում հաշվի չեն առնում գյուղական համայնքների սոցիալական կառուցվածքը։ Նրա խոսքով՝ երբ մի քանի գյուղերի դպրոցներ միավորվում են, մանկավարժների մի մասը մնում է առանց աշխատանքի, մինչդեռ նրանց համար գյուղերում այլ զբաղվածություն գրեթե չկա։

Նա ընդգծեց նաև, որ գյուղատնտեսությունը համակարգված չի զարգանում, ինչի հետևանքով շարունակվում է արտագաղթը ոչ միայն դեպի Երևան, այլև արտերկիր։

«Այս պայմաններում դպրոց փակելը նշանակում է արագացնել գյուղի դատարկումը»,– նշեց նա։

Մաթևոսյանը հիշեց նաև խորհրդային տարիների փորձը՝ նշելով, որ 1960–70-ականներին, երբ Աղնիձորի դպրոցը փակվել էր, գյուղը սկսել էր դատարկվել։ Նրա խոսքով՝ հենց Հրանտ Մաթևոսյանն է անձամբ միջամտել, բարեխոսել և պայքարել դպրոցի վերաբացման համար, ինչից հետո կարճ ժամանակում աշակերտների թիվը զգալիորեն աճել էր։

«Սա շատ պարզ օրինակ է, թե ինչպես կարելի է գյուղը կործանել կամ, հակառակը՝ նպաստել նրա վերածննդին»,– ասաց նա։

Անդրադառնալով քաղաքական գործընթացներին ներգրավվելու մասին հարցին՝ Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի։

«Ես որևէ քաղաքական կուսակցության հետ առնչություն չունեմ։ Իմ կուսակցությունը Հրանտ Մաթևոսյանն է, իմ կուսակցությունը մշակույթն է»,– ընդգծեց նա Oragir.News-ի հետ զրույցում։

Նշենք, որ օրերս Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում ևս անդրադարձել էր Ահնիձորի հիմնական դպրոցի հնարավոր փակման հարցին՝ կտրուկ ձևակերպումներով նշելով, որ որևէ կառավարություն իրավունք չունի փակել դպրոցը, եթե չի ապահովում քաղաքացիների և երեխաների իրավունքները ռազմավարական, հիմնավորված ու մտածված քայլերով։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ