Ներքին 2 տարի առաջ - 10:25 28-01-2024

Մեր բանակը կազմավորվեց և կայացավ ծայրահեղ դժվարին պայմաններում՝ հաղթանակներով պսակելով իր նորօրյա ընթացքը

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Այսօր Հայոց բանակի տոնն է: 1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը՝ դրանով իսկ ազդարարելով Հայոց Ազգային բանակի վերստեղծումը 71 տարիների դադարից հետո:

Մեր բանակը կազմավորվեց և կայացավ ծայրահեղ դժվարին պայմաններում, հաղթանակներով պսակելով իր նորօրյա ընթացքը: Վերջին մի քանի տարիները սակայն մեր բանակի համար ծանրագույն փորձությունների ժամանակներ էին, նրա ուսերին էր ընկել և շարունակում է մնալ մեր երկրի պաշտպանության դժվարին բեռը՝ ըննդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի գերակշիռ ուժերի, փաստացի առանց հուսալի դաշնակից, և հաճախ նաև առանց հուսալի թիկունք: Չնայած այս ամենին, բանակը շարունակում է մարտնչել, շարունակում է զարգանալ, շարունակում է թշնամուն կորուստներ հասցնել և զսպել նրա նկրտումները, թեև դա տրվում է չափազանց ծանր գնով:

Այս տարի հատուկ ցանկանում եմ նշել Արցախի Պաշտպանության բանակի մեր հերոսական մարտիկներին, որոնք անցած տարվա սեպտեմբերի 19-ին իրենց վրա միայնակ վերցրեցին թշնամու տասնապատիկ գերազանցող ուժերի հարվածը, և Չարեքտարի, Հաթերքի, Մարտակերտի, Խաչենի կամրջի, Մարտունու, Մաճկալաշենի, Սխտորաշենի, Կրկժանի դիրքերում և այլուր ծանր կորուստներ պատճառեցին նրան՝ կանգնեցնելով նրա առաջխաղացումը և ստիպելով զինադադար բանակցել Արցախի իշխանությունների հետ:

Թեև այս ռազմական գործողությունները ի վերջո ավարտվեցին Արցախի հայաթափմամբ, դիմադրությունը, որը ցույց տվեցին մեր հերոս եղբայրները համատարած շրջափակման պայմաններում, թույլ տվեց փրկել Արցախի խաղաղ բնակչությունը, և պահպանել Արցախը վերադարձնելու հնարավորությունը: Երկու հարյուրից ավել մեր եղբայրներ իրենց կյանքը զոհեցին այդ օրը, նրանց անունները ոսկե տառերով կգրվի մեր պատմության մեջ՝ որպես խիզախության, անձնազոհության և պատվախնդրության անգերազանցելի օրինակ:

Այսօր, խոնարհվելով մեր հերոս նահատակների անմահ հիշատակի առաջ, անվարան զորակցելով ապրողներին և պայքարողներին, մշտապես լինելով մեր երկիրը անառիկ պահող խիզախ տղերքի կողքին, վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ հնարավոր ամենը անել մեր բանակի զորացման, այն առավել մարտունակ, արդյունավետ և անվտանգ դարձնելու, և նոր հաղթանակներով նրա մարտական փառքը վերականգնելու համար: Փառք մեր բանակին, փառք այն ստեղծողներին և նրանց գործը պատվով շարունակողներին, հավերժ փառք նրա բոլոր անմահ հերոսներին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ