Ներքին 2 տարի առաջ - 16:37 26-01-2024

Երբվանի՞ց է սեփական երկրին պատվով ու պարտքով ծառայելը դարձել հանցագործություն․ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ հերթական նստաշրջանի լիագումար նիստում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ելույթում ասել է․

«Մեծարգո նախագահ, սիրելի գործընկերներ,

Ո՞րն է «հանցագործություն» բառի սահմանումը։ Սա այն հարցն է, որը ես ցանկանում եմ բարձրացնել այստեղ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության այս խորանում։
Արդյո՞ք հանցագործություն է ճշմարտության բացահայտումը, որն իշխանությունը թաքցնում է իր քաղաքացիներից։ Հենց դրա համար է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 7 ամսից ավելի գտնվում նախադատական կալանքի տակ։

Արդյո՞ք հանցագործություն է ֆեյսբուքյան լայվերի ու հրապարակումների միջոցով քաղաքական հայացքների արտահայտումը։ Սակայն հենց այդ պատճառով է Նարեկ Մալյանն ավելի քան 4 ամիս գտնվում բանտում։

Արդյո՞ք հանցագործություն է հաղթելը ՏԻՄ ընտրություններում։ Արի ու տես, որ Վանաձոր քաղաքի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հենց դրա համար է ավելի քան 2 տարի գտնվում բանտում։

Կանվանեի՞ք արդյոք հանցագործություն Երևանի կենտրոնում բողոքի խաղաղ ակցիաների անցկացումը, որով կառավարությանը պահանջ էր ներկայացվում քայլ ձեռնարկել՝ փրկելու ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ մնացած իրենց ծնողներին։ Սակայն հենց այդ գործողության համար այս պահին 11 ուսանողի գործ քննվում է դատարանում։ Նրանցից 4-ը ամիսներ են անցկացրել բանտում և դեռ շարունակում են ձերբակալված մնալ։

2023թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում կար ավելի քան 50 քաղբանտարկյալ։ Եվ սրանք պարզապես ընդդիմադիր պատգամավորի խոսքեր չեն. Եվրոպայի ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միության կողմից ընդունվել են բանաձևեր, ըստ որոնց, Արմեն Աշոտյանը և մեր մյուս ընկերները հռչակվել են քաղաքական բանտարկյալներ:

Արդյո՞ք հանցագործություն է կռվելն այն պատերազմում, որը մեր դեմ սանձազերծել էր Ադրբեջանը։ Բայց հենց դրա համար 2020թ.-ից մինչ օրս հայ ռազմագերիները որպես պատանդ պահվում են Բաքվում։

Իսկ գուցե հանցագործությո՞ւն է քո իսկ հայրենիքում խաղաղ ապրելը։ Քանի որ քաղաքացիական Վագիֆ Խաչատրյանը հենց դրա համար է Ադրբեջանի դատարանի կողմից դատապարտվել երկար տարիների ազատազրկման։

Թե՞ ագրեսորներից սեփական ժողովրդիդ պաշտպանության կազմակերպումն է հանցագործություն։ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանն այժմ Բաքվի բանտում են հենց այդ պատճառով։

Իսկ գուցե հայրենակիցներիդ հույս տալը կամ պարզապես բարերար լինե՞լն է հանցագործություն։ Դա է պատճառը, որ Ալիևի ռեժիմը պատասխանատվության է ենթարկում Ռուբեն Վարդանյանին՝ կալանավորելով նրան։

Երբվանի՞ց է սեփական երկրին պատվով ու պարտքով ծառայելը դարձել հանցագործություն, որ Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը պետք է Բաքվում կալանքի տակ պահվեն։

Թե՞ մի երկիր կառավարելը, որը տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ժողովրդավարության մակարդակով անհամեմատելի է Ադրբեջանի հետ: Հենց դրա համար են նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում։ Դե, պարզվում է, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ լինելը Ալիևի համար հանցագործություն է։

ԵԽԽՎ-ի և միջազգային այլ կազմակերպությունների կողմից ընդունված զեկույցներում և բանաձևերում այս փաստերի հիշատակումը հույսի փոքր լույս է տալիս այս մարդկանց, մինչդեռ նրանք վանդակավոր արեգակ են տեսնում տևական ժամանակ։ Սա այն նվազագույնն է, որը մենք պարտավոր ենք անել նրանց համար։ Առնվազն:

Շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի