Մամուլ 2 տարի առաջ - 07:12 30-11-2023

ՀԷՑ-ից արձագանքում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարություններին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «Հայաստանի էներգետիկայի բնագավառի ներկան և ապագան» խորագրով համաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը արել է մի շարք ձևակերպումներ՝ կապված ՀԷՑ-ի հետ: Մասնավորապես, Վահագն Խաչատուրյանը նշել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման հարցում նախկին մենաշնորհ կազմակերպության, այսինքն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից կա դիմադրություն, և որ այն փորձում է խոչընդոտներ ստեղծել համակարգի համար։

Նման որակումների հետ կապված մեկնաբանությունների համար «Փաստը» դիմեց ՀԷՑ-ին, որտեղից ի մասնավորի պատասխանեցին. «Նախ՝ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացումը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործառույթներին որևէ կերպ չի խոչընդոտում, քանի որ ընկերությունն իր հիմնական սակագնային մարժան ստանում է էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթի համար, ուստի շուկայում մատակարար ընկերությունների քանակը ՀԷՑ-ի ֆինանսական արդյունքների վրա որևէ ազդեցություն չունի։

Ավելին, էլեկտրաէներգիայի բաշխման գործունեությունը դասվում է բնական մենաշնորհի դասին, ինչը նշանակում է, որ տնտեսության այդ ճյուղում մրցակցությունը տեխնիկապես կա՛մ անհնար է, կա՛մ տնտեսապես ոչ արդյունավետ։ Նշվածի վկայությունն է աշխարհի գրեթե բոլոր պետություններում էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բնական մենաշնորհի կարգավիճակը և նրանց նկատմամբ պետական կարգավորման իրականացումը (այդ թվում՝ սակագնային քաղաքականությունը)։ Հավելենք նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպես էլեկտրաէներգետիկական բնագավառում էլեկտրաէներգիայի բաշխման բնական մենաշնորհի կարգավորվող սուբյեկտ, ցանկացած տնտեսական գործունեություն, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացմանը, միայն տնտեսապես օգտակար է, ուստի անհասկանալի կլինի սահմանափակել կամ խոչընդոտել որևէ գործունեությանը, որը կարող նպաստել թե՛ մեր ընկերության շահութաբերությանը, թե՛ նշվածի արդյունքում պետությանը վճարվելիք հարկերի ծավալների ավելացմանը։

ՀԷՑ-ը մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի կարևորագույն օղակներից մեկն է, որը միշտ կողմ է տնտեսական մեխանիզմների արդյունավետացմանը: Ցանկացած որոշում, նոր պայմանի ստեղծում, որը բերում է զարգացման, չի կարող դիմադրության արժանանալ ընկերության կողմից, հակառակը՝ մենք միշտ առաջընթացի կողմնակից ենք: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է մնալ երաշխավորված մատակարար և լուծել իր առջև դրված խնդիրներն ու, որպես բաշխիչ ընկերություն, կատարել իր պարտականությունները»:

Հաջորդ հարցը, որին անդրադարձել է Վահագն Խաչատուրյանը, էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի հետ կապված խնդիրներն են՝ ՀԷՑ-ի՝ սահմանափակումներ ստեղծող կարգավորումների պատճառով:

Այս թեմայի հետ կապված՝ ՀԷՑ-ից նշեցին հետևյալը. «Համաձայն գործող կարգի, որևէ առանձնացված մոտեցում էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի՝ էլեկտրական ցանցին միանալու համար գոյություն չունի: Ինչպես ցանկացած այլ օբյեկտ, որի սպառման համակարգն անհրաժեշտ է միացնել ցանցին, էլեկտրամոբիլների լիցքավորման կայանները նույնպես համապատասխան փաստաթղթերով դիմում են ներկայացնում Ընկերության սպասարկման ցանկացած կենտրոն և սահմանված ժամկետում և սահմանված կարգով միանում էլեկտրական ցանցին: Եթե արդեն գործող բաժանորդի մոտ առկա սահմանված հզորությունը չի բավարարում իր սեփականություն հանդիսացող տարածքներում էլեկտրամոբիլների լիցքավորման կայանի միացման համար, ապա նույն կարգով անհրաժեշտ է դիմել ընկերությանը՝ լրացուցիչ հզորություն ստանալու համար: Վերը նշված հարցերը կարգավորվում են ինչպես օրենքով, այնպես էլ ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերով, հետևաբար ՀԷՑ-ի նախասիրությունների հետ որևէ առնչություն չունեն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur