Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 11:28 25-11-2023

Ադրբեջանը Շուշիի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը աղբակույտի է վերածել

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը։ Այս մասին ահազանգում է Արցախի հուշարձանների մշտադիտարկմամբ զբաղվող Monument Watch կազմակերպությունը։

«Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1):

Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա:

Դեռևս 2021 թվականից արբանյակային լուսանկարները փաստել են միայն տարածքի անխնամ և խոտածածկ դառնալը:
Մեղրեցոց Սբ. Ասվածածին եկեղեցին կառուցվել է 1838 թվականին Մահտեսի Հախումյանցի ծախսերով։

1960-ական թվականներին եկեղեցու ծավալների մեծ մասը քանդվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով և վերածվելով ամառային բացօթյա կինոթատրոնի: Նշենք, որ սկսած 1960-ական թվականներից Ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն բռնայուրացնել Շուշի քաղաքի մշակութային ժառանգությունը՝ արհեստական կերպով փոխելով քաղաքի մշակութային կերպարը, այն վերածելով ադրբեջանական մշակութային կենտրոնի: Այս քաղաքականության արդյունքում զգալիորեն վնասվեց Շուշի քաղաքի հայկական թաղամասը և նրա հուշարձանները: Մասնավորապես, վթարային վիճակի հասցվեց Շուշի քաղաքի Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, Կանաչ ժամ եկեղեցին վերածվեց հանքային ջրերի ըմպելասրահի:

Իսկ Կուսանաց վանք և Ագուլեցոց Ամենափրկիչ եկեղեցիները հիմնահատակ քանդվեցին և ոչնչացվեցին: Այդ նույն տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ավերվեց քաղաքի հայկական գերեզմանոցը: Մեղրեցոց եկեղեցու պարագայում Ադրբեջանի իշխանությունները պայթեցումներով քանդել են եկեղեցու պատերի մեծ մասը, իսկ մեկ մետրից բարձր պահպանված հիմնապատերը ներառվել են ասֆալտի տակ (Մկրտչյան 1980, 155-161, Պետրոսյան 2010, 137-148):

Մեղրեցոց եկեղեցու տարածքում 2017 թվականին պեղումներ է իրականացրել Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը (արշավախմբի ղեկավար պ. գ. թ. Երանյան Ն., ճարտարապետ Տիտանյան Մ.): Նախքան պեղումները (նկ. 2, 3) տարածքն ամբողջովին ասֆալտապատ էր, տեղում երևում էին միայն խորանը և երկու ավանդատները (Երանյան 2021, 498-502): Պեղումների արդյունքում հեռացվել է ասֆալտի շերտը և բացվել են եկեղեցու հիմքերը (նկ. 4):

Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի նոյեմբերին քաղաքն օկուպացնելուց հետո ակտիվ կերպով շարունակում են դեռևս 1960-ական թվականներին սկսած Շուշի քաղաքի պատմության, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությունը։

Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․»։ Հավելենք նաև, որ յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով», - ասված է կազմակերպության կայքում։




Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է

Ձեզ գուցե հետաքրքրի