Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:51 18-11-2023

Ստեփանակերտի անտառներում սոված, անձրևի տակ անցկացնելուց հետո սեպտեմբերի 26-ին լքեցինք Արցախը․ զոհվածի այրի

«Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց հրետակոծությունը, մի պահ ինձ թվաց, որ փրկարարներն են ականապայթեցման աշխատանքներ իրականացնում: Սովորաբար նման դեպքերում հաղորդագրույուններ էինք ստանում։ Ստուգեցի հեռախոս՝ ԱԻՆ-ի հաղորդագրությունը չգտա, բայց արդեն դիմացի անտառներից լսվող հրթիռակոծության ձայներից գյուղը խառնվել էր իրար»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված, զոհվածի այրի Մելինե Սարգսյանը։

Մելինեի ամուսինը զոհվել է պատերազմի առաջին օրը, բայց իրենց այդ մասին տեղեկացրել են հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին։

«Սկզբից ասացին, որ ամուսինս վիրավոր է, ուրախացանք, որ գոնե ողջ է մնացել: Եղբայրն էլ Արցախյան առաջին պատերազմում էր զոհվել։ Այդ օրերին, ում հարազատը վիրավոր էր, համարվում էր, որ բախտավոր աստղի տակ է ծնվել, փառք էինք տալիս Աստծուն »,- ասում է Մելինեն, ով րոպեների ընթացքում է լքել հայրենի գյուղը՝ Ակնաբերդը։

«Պատերազմի հաջորդ օրը համայնքապետը հայտարարեց, որ մինչև ժամը 13։00-ն պիտի լքենք Ակնաբերդը: Ճիշտ է, մեզ տրամադրեցին վառելիք, բայց չհասցրինք անգամ ամենաանհրաժեշտ իրերը վերցնել»։

Այդ օրը տեղահանվածների մի մասը գնացել է օդանավակայան, մյուս մասը՝ Ստեփանակերտ, որովհետև օդանավակայանում արդեն ասեղ գցելու տեղ չկար։ Սարգսյանների ընտանիքը պաատսպարվել էր Ստեփանակերտի մերձակա անտառներում։

«Ստեփանակերտի անտառներում սոված, անձրևի տակ անցկացնելուց հետո սեպտեմբերի 26 որոշեցինք լքել Արցախը՝ հասկանալով, որ այլևս անիմաստ է մնալը․․․»,- ասում է Մելինեն։



Նա խուսափում է խոսել գաղթի ճանապարհի անմարդկային օրերի մասին։ Երկու գիշեր գաղթի ճանապարհին, մեքենաներում քնելուց հետո վերջապես կարողացան հատել Հակարիի կամուրջը։

Սարգսյանների բազմանդամ ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։

«Հիմա ամուսնուս ընտանիքի և 3 անչափահաս երեխաներիս հետ ապրում ենք վարձով՝ Նոր Գեղիում։ Տան վարձը բարձր է, պայմաները՝ վատ, բայց փորձում ենք հարմարվել․․․ Մեր գյուղը Շահումյանի շրջանի միակ գյուղն էր, որ 44-օրյա պատերազմից հետո մնաց հայկական վերահսկողության տակ։ 44-օրյայից հետո շատ եմ խնդրել ամուսնուս տեղափոխվել այլ բնակավայր, ասում էի, որ վախենում եմ, բայց ամուսինս անդրրդվելի էր, ասում էր, որ այլևս պատերազմ չի լինելու»:



Մելինեի ամուսինը պայմանագրային զինծառայող էր, ով 15 տարի շարունակ հսկել է Մռավի բարձունքը, անցել 3 պատերազմի միջով, անմահացել՝ թողնելով մի ողջ գերդաստան՝ կնոջ՝ Մելինեի փխրուն ուսերին։ Այսօր Մելինեն փորձում է աշխատանք գտնել՝ պահելու համար իր 3 անչափահաս երեխաներին ու ամուսնու ծնողներին։ Խոստովանում է՝ դժվար է իր համար առանց ամուսնու ոտքի կանգնել, աշխատանք գտնել, իսկ պետության կողմից տրամադրվող օգնությունը հազիվ հերիքում է տան վարձի ու գոյությունը մի կերպ քարշ տալու համար։

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098707633 հեռախոսահամարով։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ