Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:12 17-11-2023

Պատերազմ է, թաքնվեք, վախեքուչ, լոխ լավա ինան․ սա ամուսնուս վերջին հաղորդագրությունն էր․ զոհվածի այրի

«Սեպտեմբերի 19-ին ժամը 12:55-ին Վարդանս զանգեց, բայց կապն այնքան վատ էր, որ չէինք լսում իրար։ Երբ ժամը 13:00-ին սկսվեց պատերազմը, ես հասկացա, որ ուզում էր զգուշացնել սպասվող պատերազմի մասին, հետո հաղորդագրություն ստացա ամուսնուցս, որ պատերազմ է, թաքնվենք, վախինքուչ, լոխ լավա ինան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված, զոհվածի այրի Գալինա Առստամյանը։

Գալինան հավատում էր, որ այս անգամ էլ Վարդանը կգա պատերազմից, հավատում էր, որ իրենց սերն այս անգամ էլ կհաղթի․․․

​​​​​​

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Վարդանս դիրքերում էր, կյանքն ինձ համար կանգ էր առել, աշխարհը մութ էր ու անգույն, բայց, երբ դիրքերից վերադարձավ, իրեն տեսնելուն պես կյանքս մի նոր շունչ առավ,աշխարհը գունավորվեց»,- ասում է մեր զրուցակիցը, ով ընդամենը 23 տարեկան է, բայց արդեն այրի։

Վարդանն ու Գալինան հենց առաջին հայացքից են սիրահարվել իրար՝ Արցախի պետական համալսարանում, երբ Վարդանը ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո եկել էր ուսումը շարունակելու իրենց կուրսում։




«Երկու տարի ընկերություն անելուց հետո որոշեցինք նշանվել․․․ Չէինք հասցրել մեր երջանկությունը վայելել, երբ սկսվեց 44-օրյա դաժան պատերազմը։ Վարդանս անմիջապես կամավորագրվեց և մեկնեց պատերազմի դաշտ, այդ դաժան կռիվների ժամանակ մի օր անգամ չի իջել դիրքից, ինքն ու իր խումբը մեծ կռիվ են տվել՝ վերցնելով թշնամու մի քանի դիրք»,- պատմում է Գալինան։

Համալսարանի վերջին կուրսում Գալինային հանձնարարել էին ավարտական աշխատանք նկարել, նա ընտրել էր պատերազմի թեման.

«Որոշեցի 44-օրյա պատերազմում Վարդանիս անցած ուղուց մի դրվագ նկարել, ինքն էլ նկարեց ինձ։ Մեծ երազանքներ, նպատակներ ունեինք ապագայի հետ կապված, միշտ ասում էր, որ չդադարեմ նկարել, մեր մասնագիտությամբ շարունակեմ աշխատել, ավաղ․․․»։

2021 թվականին ուսումն ավարտելուն պես՝ Վարդանը Գալինային Մարտունու շրջանի Կղարծիից հարս տարավ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղ։ 2022 թվականին ծնվեց նրանց դուստրը՝ Ինան։



«Աղջիկս շատ էր կապված հոր հետ, բլոկադայի ժամանակ, երբ դիրքերից իջավ, լույս չկար տանը, դռան ձայնը լսվեց, Ինան իսկույն Պապա կանչեց, կարծես գիտեր, որ իր հայրն է դուռը բացում։ Ամեն տուն գալուց մի քաղցր էր բերում մեր համար, ինչն այդ ժամանակ դժվար էր գտնել։ Անցնելով բլոկադայի միջով, հաղթահարելով 9 ծանր ամիս, ես պատրաստ չէի հաղթահարել ևս մեկ փորձություն, խնդրեցի ամուսնուս, որ այս անգամ չգնա, դա այն դեպքում, երբ ընդամենն օրեր առաջ էր իջել դիրքերից․․․ Նա հայրենիքը վեր դասեց մեզանից․․․անգամ՝ նախապատրաստեց ինձ ․․․ Խոսում էր մահվանից, ասում էր՝ պատերազմ է, կարողա և չգամ... մեր զոհված տղաները մեզնից պակաս տղերք չէին․․․»,- պատմում է արցախցի կինը:

Վարդան Սարգսյանը որպես ժամկետային զինծառայող Մարտունիում մասնակցել էր քառօրյա մարտերին, 44-օրյա պատերազմի էլ աչքի էր ընկել Մատաղիսում և Եղնիկներում, արժանացել Արցախի Արիության մեդալի, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Հաթերքի մարտական դիրքերում` թշնամու ավիահարվածից։

Նա շտապել էր վիրավոր տղերքին դուրս բերել՝ դառնալով թշնամու ավիահարվածի զոհ։ Հանգչում է Եռաբլուրում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին