Ներքին 3 տարի առաջ - 19:57 28-07-2023

ՀՀ կողմից ուղարկված բեռները ապացույցն են՝ Լաչինի միջանցքը բաց չէ․ ԱԳ փոխնախարար

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները այցելել են Հակարիի կամրջի շրջակայք:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության հումանիտար աջակցության առաքումը ԼՂ:

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի որոշմամբ ԼՂ ուղարկված պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության բեռների շուրջ ստեղծված իրավիճակին:

Հակարիի կամրջի շրջակայք այցից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը Գորիսում հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, մասնավորպաես, նշել է. «Իրական ճգնաժամը շարունակում է ահագնանալ Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Եվ սա ուղեկցվում է հումանիտար լրջագույն խնդիրներով գետնի վրա: Արդեն մի քանի ամիս է, որ ԼՂ-ում խափանված է էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացրել տեղում: Արդեն տևական ժամանակ է, որ Լեռնային Ղարաբաղում կա սննդի լրջագույն պակաս, դեղորայքի լրջագույն պակաս, բառացիորեն բոլոր իրավունքները, որ մարդիկ պետք է ունենան, այս պահին շարունակում են ոտնահարվել:

Դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը` մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում: Այս 7 ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին` բացելու Լաչինի միջանցքը, այլև բացառիկ արհամարհանք է դրսևորում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռներին, համաձայն որի Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

ՀՀ կառավարության կողմից ուղարկված հումանիտար բեռներով լի բեռնատարները, որոնք դուք տեսաք քիչ առաջ, ուղղակի ապացույցն են նրա, որ Ադրբեջանի կողմից նախկինում հնչած հայատարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է, իրականության հետ որևէ աղերս չունեն: Վստահ եմ, դուք նաև ծանոթացել եք վերջին օրերի Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող հայտարարություններին, որոնք շատ դժվար կլինի կառուցողական համարել:

Ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների կողմից և այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ԼՂ-ում ապրող ժողովրդի համար՝ ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող, և հույս ունեմ՝ այն ամենը, ինչ դուք տեսաք այսօր այստեղ հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ: Մենք ակնկալում ենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա օր առաջ, ժամ առաջ ապաշրջափակել և բացել Լաչինի միջանցքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում