Ներքին 3 տարի առաջ - 18:40 30-05-2023

ԿԳՄՍՆ-ում անցկացվում են «Էրազմուս+» ծրագրի տեղեկատվական օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են «Էրազմուս+» ծրագրի մրցույթում հաղթած հայաստանյան նախագծերի տեղեկատվական օրերը:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կողմից: Ներկա են եղել ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է միջոցառման մասնակիցների և մաղթել է արդյունավետ աշխատանքային քննարկումներ:

«Մեր համագործակցությունը որակական նոր փուլում է գտնվում, սկսվել է «Էրազմուս+» ծրագրի երկրորդ՝ 2021-2027 թթ. շրջափուլը, որի շրջանակում մեծացել են հնարավորությունները Հայաստանի և Եվրոպական միության կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացման համար: Մասնավորապես այս շրջափուլում ընդգրկվել են նաև նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Անգնահատելի է «Էրազմուս+» ծրագրի դերը ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի զարգացման և ընդլայնման առումով: «Էրազմուս+» ծրագրով ակնկալվող վերջնարդյունքները համահունչ են նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» որդեգրած բարեփոխումներին՝ միտված բարձրագույն կրթության միջազգայնացմանն ու ակադեմիական շարժունության խրախուսմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ նախարարությունն ակնկալում է առավել սերտ համագործակցություն «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի և Հայաստանի ուսումնական հաստատությունների միջև: Արթուր Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ ազգային գրասենյակի և ուսումնական հաստատությունների համատեղ լրացուցիչ ջանքերի ներդրման արդյունքում միջազգային շարժունության ցուցանիշները կբարելավվեն:

Նա ծրագրի շահառուներին հորդորել է իրականացնել փոխկապակցված քայլեր ազգային գրասենյակի հետ՝ շարժունության ծրագրերում ակադեմիական հանրության ավելի լայն ընդգրկվածություն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ողջունել է ներկաներին և շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և համոզմունք հայտնել, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցությունները շարունակական կլինեն. «Հույս ունեմ, որ իրականացվող նոր ծրագրերը կշարունակեն ապահովել շարժունակությունը, կարողունակությունների և հմտությունների զարգացումը, կբարձրացնեն բուհական կրթության գրավչությունը»:

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան նշել է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորող «Էրազմուս+» ծրագիրն աջակցում է ՀՀ-ում բարձրագույն կրթությանը, դասախոսների վերապատրաստումներին, երիտասարդության և սպորտի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին:

Միջոցառման մասնակիցներին առցանց ողջունել են նաև Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության ներկայացուցիչ Լուսիա Ջիանիննին և Եվրահանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի գլխավոր տնօրինության ներկայացուցիչ Կինգա Բերեզա-Հուսակը:

Երկօրյա միջոցառման նպատակն է ներկայացնել «Էրազմուս+» դրամաշնորհ ստացած բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից իրականացվելիք նախագծերի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները։

Միջոցառման առաջին օրը նվիրված էր բարձրագույն կրթության ոլորտին, որի ընթացքում ներկայացվել է բարձրագույն կրթության կարողությունների զարգացման ԵՄ-ի կողմից հաստատված 4 նոր ծրագրեր, «Էրազմուս Մունդուս նախագծեր» գործողության շրջանակում շահած անդրանիկ ծրագիրը և «Ժան Մոնե ամբիոն» նախագիծը։

Իսկ միջոցառման երկրորդ օրը նվիրված է լինելու ՄԿՈւ ոլորտում կարողությունների զարգացման 3 նոր նախագծերի ներկայացմանը, որից հետո նախատեսվում է պանելային քննարկում ՄԿՈւ դաշտի պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Շահագրգիռ կողմերը «European Year of Skills 2023» խորագրի ներքո նաև քննարկելու են մասնագիտական կրթության և հմտությունների միջև կապը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում