Արտաքին 3 տարի առաջ - 19:00 17-05-2023

Թուրքիայի քրդամետ կուսակցությունները վերահաստատել են իրենց աջակցությունը Քըլըչդարօղլուին

Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարություն» և «Կանաչ ձախ» կուսակցությունների համանախագահներն այսօր համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել, որում մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վերահաստատել են իրենց աջակցությունը ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Gercek News լրատվական գործակալությունը։

Քրդամետ կուսակցություները շեշտել են, որ այժմ ողջ էներգիան առայժմ պետք է ուղղել դեպի երկրորդ փուլ և ջանքեր գործադրել ընդդիմության հաղթանակն ապահովելու համար։ Նրանք հայտնել են, որ կուսակցական կազմակերպությունները և պաշտոնյաները լիարժեք ակտիվություն են ցուցաբերելու տեղերում, որպեսզի խրախուսեն քաղաքացիներին քվեարկության գնալ երկրորդ փուլում։

Վերջիններս տեղեկացրել են, որ ընտրությունների երկրորդ փուլից հետո կգնահատեն կուսակցության ձայների նվազման, ինչպես նաև նախագահական ընտրությունների առաջին փուլում ընդդիմության ձախողման պատճառները։

«Թող հայտնի լինի, որ մենք քննադատություն և ինքնաքննադատություն իրականացնելու ավանդույթ ենք։ Հրապարակված արդյունքները ընտրական գործընթացից դուրս պատճառներ ունեն, ուստի անհրաժեշտ է համակողմանի քննարկման գործընթաց իրականացնել։ Մայիսի 28-ից հետո մենք հանդիպումներ կունենանք մեր ժողովրդի, մարզային և շրջանային կազմակերպությունների հետ՝ գործընթացը միասին քննարկելու համար։ Առանց որևէ արդարացումների կամ հիմնավորումների դիմելու, բացահայտված խնդիրների և թերությունների մանրակրկիտ գնահատում է իրականացվելու և անհրաժեշտ գործողություններ կձեռնարկվեն։ Դրանում ոչ մի կասկած չպետք է լինի»,- ասվում է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ։

Բացի այդ քրդամետ քաղաքական ուժերը քննադատել են իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցություններին՝ քրդերի, կանանց, երիտասարդների և բոլոր ճնշված անհատների նկատմամբ շարունակական հարձակումների, ինչպես նաև հասարակական և քաղաքական ընդդիմության վրա նրանց հարձակումների համար։ Վերջիններս պնդել են, որ իրենց կուսակցությունը եղել է այս անողոք հարձակումների առաջնային թիրախը, որոնք հասարակության ներսում ճնշումների և վախի մթնոլորտ են ստեղծում։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ էր տարել Էրդողանի և Բահչելիի առաջնորդած Ժողովուրդ դաշինքը, որը ստացել էր ընդհանուր ձայների 49.47%-ը, կամ խորհրդարանի 600 տեղերից 323-ը։ Դաշինքի կազմում Բահչելիի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունը ստացել էր ձայների 10.4%-ը, ինչը կուսակցությանը ապահովել է 51 պատգամավորական մանդատ։ Նախագահական ընտրություններում թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ ձայների կեսից ավելին, ինչի հետևանքով մայիսի 28-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի