Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 11:48 03-05-2023

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել հինգ պատմամշակութային օբյեկտ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքին (1950-ական թթ.), որը կառուցվել է 1950-ական թթ., որպես վարչական շենք: Այստեղ տեղակայվել է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը: 1973 թ. տրամադրվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին:

Հաջորդը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «ԽԱՉՔԱՐ» (1309 թ.) քարակոթողն է, որը նախկինում եղել է վիշապաքար և ըստ խաչքարի հորինվածքի մաս կազմող ծավալուն թվակիր արձանագրության՝ խաչքարացվել է 1309 թ., տեղահանված է և ընկած: Խաչքարի հորինվածքի կենտրոնում հիմնախաչն է, իսկ խաչաթևերի միջակայքում առկա են մեկական փոքր խաչեր, որոնք նվիրված են ընտանիքի առանձին հանգուցյալ անդամներին: Առանձին փոքր, փորագիր խաչեր պատկերված են հորինվածքի չորս անկյուններում և հիմնախաչի տակ:

Նշենք որ, Հայաստանում խաչքարացված վիշապաքարեր փաստագրվել են նաև Գեղամա լեռներում (Աժդահա յուրտ), Սառնաղբյուրում (Շիրակի մարզ), Գառնիում (Կոտայքի մարզ), Վայոց ձորի մարզի Ռինդ, Կարմրաշեն, Թառաթումբ գյուղերում և այլուր:

Որպես խաչքարային արվեստի ինքնատիպ օրինակ արժևորվել է Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Ովաննեսի» խաչքարը (XV-XVI դդ.)։ Այն մոխրագույն բազալտե ուղղանկյուն սալ է, որի դիմային հարթության վրա կամարաձև վերնամասով խորադիր խորշում քանդակված է երկճյուղ թևերը հյուսկեն, եռաբողբոջ զարդերով հարդարած հիմնախաչ։ Խաչաթևերի վերնամասում խաղողի ողկույզներ են, իսկ ներքևում մեկական փոքր խաչաքանդակներ։ Նույն գյուղի «Մուրատ Ակոբճանի» արձանագիր տապանաքարը (1552 թ.) նույնպես ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Վերջինս սրբատաշ բազալտե ուղղանկյուն սալ է, որի աջ կողային հարթության վրա պահպանվել է երկու տող արձանագրություն. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԱՆՈՅ ՔՅՈԽՎԻ ՈՐԴԻ ՊԷՅ ՄՈՒՐԱՏ ԱԿՈԲՃԱՆԻՆ ԹՎ ՌԱ (1552)»:
Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Կոտայքի մարզի Պտղնի գյուղի «ՀՆՁԱՆ» (XII-XIV դդ.) նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտին, որի ուղղաձիգ կտրվածքը պատահականորեն բացվել էր 2022 թ., հողաբաժանման աշխատանքների ժամանակ:

Քննարկվել են նաև ՀՀ տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ 28 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, որոնք ըստ սահմանված կարգի՝ կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:

Ներկայացվել և հանձնաժողովի անդամների հավանությանն է արժանացել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր բնակավայրի ԱՄՐՈՑ «Քյոշկ», Ք. ա. V դ.- Ք. հ. VII դ., XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 9.1.2) (Հ) հուշարձանը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովելու ծրագիրը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը