Արտաքին 3 տարի առաջ - 18:15 02-05-2023

Չավուշօղլուն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը «միանգամայն արդարացված» է համարում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի կերպով անցակետի տեղակայմանը և հերթական անգամ Հայաստանին ուղղված անհիմն մեղադրանքներ է հնչեցրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Սաբահ պարբերականը։

Չավուշօղլուն շեշտել է, որ հյուսիսային միջանցքը դադարել է այլընտրանք լինելուց, իսկ Կասպից անցումը, արևելյան, արևմտյան և միջին միջանցքը դարձել է շատ կարևոր ճանապարհ, ինչպես նաև առևտրային և էներգետիկ ուղի։ Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես կշահեր այս ծրագրերից, եթե մի փոքր խելացի գտնվեր։ «Բայց չնայած պայմանավորվածությանը, նա այս նախագծերի իրականացման հարցում պատրվակներ է հորինում։ Ռուսաստանը նույնպես վրդովված է։ Քանի որ եռակողմ են ստորագրել»։

Նա նշել է, որ ներկայումս Ադրբեջանն առաջարկել է համատեղ հսկողություն իրականացնել, սակայն Հայաստանը դրան նույնպես համաձայն չէ։ Չավուշօղլուն հերթական անգամ պնդել է, թե, իբր «Հայաստանը տարբեր ճանապարհներով զինվորականներ և սպառազինություն է տեղափոխում Արցախ, ինչը հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից»։

«Ուստի Ադրբեջանը նման անցակետ է կառուցել, դա միանգամայն արդարացված է։ Դա չափազանց կարևոր է նաև Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության տեսանկյունից»,-ասել է թուրք պաշտոնյան։

Չավուշօղլուն նաև հերթական անգամ պնդել է, որ «Արցախն Ադրբեջանի տարածք է»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 23-ին Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ Հակարի կամուրջի վրա ապօրինաբար անցակետ է տեղադրել, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը