Արտաքին 3 տարի առաջ - 14:00 24-04-2023

Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին. ՌԴ ԱԳՆ

Պաշտոնական Մոսկվան լուրջ մտահոգություն է հայտնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում առկա, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերաբերյալ իրավիճակի առնչությամբ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով նախօրեին Լաչինի միջանցքում ադբեջանական անցակետի տեղադրումը։

«Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճ, ինչը պարբերաբար երկու կողմից հանգեցնում է զոհերի։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տիրույթում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը»,- ասվում է հայտարարության մեջ։

Անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձությանը՝ ռուսական կողմն ընդգծել է ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները։ Նշվում է, որ խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխության մասին է, կամ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին։

Պաշտոնական Մոսկվան կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։

«Մենք ելնում ենք նրանից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և նրանց կենսագործունեության համար խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։ Մենք կարծում ենք, որ ծագած խնդիրներից շատերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղղություններով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը, բանակցային գործընթացում երկար ամիսների անգործության և առաջընթացի բացակայության հետևանք են: Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և առաջիկայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է ամբողջ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել իրեն մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին, ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «տեղում»՝ ռուսական խաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ։

«Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, որոնք աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նվաստացնող արշավի միջոցով»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, նախօրեին Բաքուն հայտնել էր, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհին հսկիչ անցագրային կետ է տեղակայել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում