Արտաքին 3 տարի առաջ - 10:42 31-03-2023

Սիրիան Իսրայելին մեղադրել է արդեն երկու օր շարունակվող ավիահարվածների մեջ

Իսրայելի օդուժը ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր կեսգիշերից քիչ անց: Այս ավիահարվածների նախորդ գիշերը ևս մեկ նման հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով 2 զինվոր էր վիրավորվել: Այս մասին հաղորդում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «թշնամական հրթիռները» մայրաքաղաքի երկնքում, սակայն հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս:

Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» հայտարարել է, որ հարվածների թիրախ են դարձել Դամասկոսից հարավ ընկած կառավարական ուժերի և Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների զենքի պահեստները: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են պայթյուններ երկնքում:

Ավելի վաղ՝ մարտի լույս 30-ի գիշերը, Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ թիրախավորելով Դամասկոսի արվարձանները: Սիրիական ռազմական աղբյուրը SANA գործակալությանը հայտնել էր, որ Դամասկոսի արվարձաններում իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու սիրիացի զինվոր, պատճառվել է նաև նյութական վնաս։

The Times of Israel պարբերականն իր հերթին հաղորդում է, որ որպես կանոն՝ Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում Սիրիայում իրականացված հարձակումները, սակայն ընդունել է, որ հարյուրավոր հարվածներ է իրականացրել Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների դեմ, որոնք փորձում են ամրապնդել դիրքերը Սիրիայում: ԻՊԲ-ն նշում է, որ նաև հարվածում է այդ խմբավորումների համար նախատեսված մատակարարումներին:

Բացի հինգշաբթի և ուրբաթ իրականացված հարձակումներից, վերջին շաբաթներին հարձակումներ են իրականացվել նաև Հալեպի միջազգային օդանավակայանի դեմ: Այդ հարձակումները ևս վերագրվում են Իսրայելին:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ