Ներքին 3 տարի առաջ - 12:01 16-03-2023

Երդվում եմ Վահագնի աջով՝ կապրեմ և կգործեմ որպես ցեղամարդ․ Հեթանոս Գագոն կյանքը զոհեց հանուն Օմարի երկնամուխ լեռների

Նժդեհյան պատգամը սրտում՝ Գառնիի հեթանոսական տաճարում՝ արիական աստվածների հովանու ներքո, Հեթանոս Գագոն երդվել էր․ «Ես ցեղակրոն եմ և երդվում եմ Վահագնի աջով՝ երբեք չեմ մեղանչի ուխտի առաջ, կապրեմ և կգործեմ որպես ցեղամարդ»։

Արցախյան ազատամարտի հերոս Գագիկ Ստեփանյանը մասնակցել է Սիսիանի, Գորիսի, Բերձորի մարտերին, ազատագրել է Քաշունիքը, Վարանդան, հասել է Քարվաճառ․․․ Կյանք տվել Օմարի բարձունքների համար՝ ձուլվելով երկնքի մեջ մխրճված լեռներին․․․

Այսօր հերոսի հիշատակի օրն է։



Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց անմիջապես հետո Գագիկ Ստեփանյանը հայտնվեց Արցախյան պատերազմի բովում։ Հայրենիքի զինվոր, քաջ մարտիկ լինելն արյան մեջ էր․ պապերից մեկը Բաշ-Ապարանում թուրքերին էր ջախջախել, մյուսն էլ Բեռլինի կենտրոնում՝ Ռայխստագի պատին, անմահացրել էր՝ Ապարան-Բեռլին․․․ Մարտիկներ էին նաև եղբայրները՝ Արայիկն ու Բագրատը։

Ցեղակրոն այս քաջորդուն հերոսական մահն էր հարիր․ Օմարի ճշմարի՛տ արծիվն էր Հեթանոս Գագոն։



1994 թ․ մարտի 16-ի լուսաբացը ծանր ու արյունոտ բացվեց Օմարի լեռներում։ Թանձր մշուշ էր, և թշնամին գրոհի անցավ։ Դրությունը ծանր էր, և Հեթանոս Գագոն 12 ծառայակից ընկերներին հեռանալու հրաման տվեց, իսկ ինքը սկսեց մարտը և կռվեց միայնակ․․․ Դիրքից դիրք անցնելով՝ նա այնպիսի տպավորություն ստեղծեց, թե թուրքերի դեմ կանոնավոր մի բանակ է կռվում․․․

Եվ ընկավ ցեղամարդը, ընկավ այն ժամանակ միայն, երբ երկրորդ անգամ վիրավորվեց։ Երբ թշնամին ներխուժեց դիրքերը և հայտնաբերեց իր դեմ միայնակ կռվող հրամանատարի բերանքսիվայր ընկած մարմինը, մոտեցավ, շրջեց, որ քաջորդու դեմքը տեսնի․․․ Վերջին մի ճիգով շեշտակի բացեց աչքերը Հեթանոս Գագոն, քաշեց նռնակի օղակն ու ձուլվեց հայրենի բարձունքներին․․․

Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին, հարգելով նրա խիզախությունը, դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

1995 թվականին, ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշանով։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում