Ներքին 3 տարի առաջ - 20:00 11-03-2023

ՀԱՊԿ-ից դուրս գալով՝ ՀՀ-ն չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին․ քաղաքագետ

ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի վերաբերմունքն ու առկա գործընթացը նոր չէ։ Այն, որ Հայաստանի նոր իշխանությունները բավականին բացասական վերաբերմունք են ունեցել ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ երևաց հենց առաջին տարիներին, երբ առանց ՀԱՊԿ-ի իր գործընկերների կարծիքը հաշվի առնելու, ձերբակալվեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը՝ անդրադառնալով կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից Հայաստանի հրաժարվելու փաստին։

«Հետո մենք տեսանք, որ ավելի կտրուկ իրադարձություններով սուր քննադատական հայտարարություններ հնչեցին։ Գուցե և արդարացի քննադատություն էր Ռուսաստանի և մյուս գործընկեր պետությունների հասցեին, ես դա չեմ ժխտում։ Այդ ժամանակ նրանք իներտ վերաբերմունք էին ցուցաբերել 2020 թվականի պատերազմի ընթացքում, ձևացրին, թե դա Հայաստանի տարածքը չէ, և իրենք պատասխանատու չեն»,- ասաց նա։

ՀԱՊԿ-ի դեմ տրամադրություններն, ըստ փորձագետի, ուժգնացան, երբ 2021-2022 թվականներին արդեն ՀՀ տարածքում գրանցված ադրբեջանական ագրեսիվ գործողություններն արժանի գնահատական չստացան։

«Հիշենք Լուկաշենկոյի խոսքը, թե Ալիևն իրենց մարդն է, և իրենց դիրքավորումն այն է, որ գնանք ու միմյանց հետ լուծենք մեր խնդիրները։ Ղազախստանի լիդերը ևս հանդիսատեսի կարգավիճակ էր ընդունել, ՌԴ ղեկավարությունը նույնպես։ Այս ամենը ինչպես հայ հասարակության, այնպես էլ իշխանությունների մոտ հանգեցրեց բավականին բացասական դիրքորոշման, որը գնալով կարծրանում է։ Դրա արտահայտությունը նաև այն էր, որ Հայաստանը չստորագրեց Երևանում ՀԱՊԿ գագաթաժողովի հայտարարությունը, մերժեց նաև ՀԱՊԿ-ից նախատեսվող օգնությունը՝ Հայաստանին։ Մենք բոլորս չգիտեինք, թե ՀԱՊԿ-ի քարտուղարի տեղակալի պաշտոն կար, իմացանք, հիմա էլ Հայաստանը ռոտացիայով հրաժարվում է իր այդ պաշտոնից»,- ասաց նա։

Քաղաքագետը հիշեցրեց նաև Հայաստանի տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելու մերժման փաստը՝ հայկական կողմից։ Տեսակետ հայտնեց, որ Ղրղզստան տեղափոխված զորավարժություններին ևս Հայաստանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի։

«Այս ամենն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, որոնց մասին ավելի վաղ խոսեցի։ Սակայն, այստեղ մի շատ մեծ «բայց» կա։ Ուրիշ բան է, որ մեր դժգոհությունն արդար է՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ՀԱՊԿ-ից։ Մեկ այլ բան է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչքանով է համապատասխանում մեր ներկա ազգային շահերին և անվտանգային խնդիրներին։ Ըստ էության, բավականին բարդ վիճակում են հայ- ռուսական հարաբերությունները, և ՀԱՊԿ-ից դուրս գալը Ռուսաստանի կենտրոնական ղեկավարությունը կընդունի խիստ տհաճությամբ ու դժկամությամբ։ Երբ նայում ենք նրանց վերլուծական կենտրոնների կարծիքները, ապա հիմնականում դա դիտվում է որպես դավաճանություն՝ առանց հաշվի առնելու դրա խորքային արմատները»,- ասաց նա։

Այս ամենի ֆոնին էլ, ըստ փորձագետի, Արևմուտքը բացի կոչերից ու թղթային ձևակերպումներից որևէ այլ բան չի անում։ «Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն այստեղ ունի զինված ուժեր և՛ Գյումրիում, և՛ Ղարաբաղում, և՛ հայ-թուրքական սահմանին, և՛ հայ-իրանական սահմանին, նաև հայ-ադրբեջանական շփման որոշ կետերում՝ պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-Հայաստան դիմակայությունն ինքնըստինքյան, մեխանիկորեն տեղափոխվում և վերածվում է Հայաստան-Ռուսաստան դիմակայության, որն էլ հենց այն է, ինչին ձգտում է Ադրբեջանը։ Այսինքն, մեկուսացնել Հայաստանին՝ իր հնարավոր դաշնակից- օգնականներից, և, ինչու չէ, նաև նրանց հավանությամբ ու թույլտվությամբ ձեռնարկել երրորդ Ղարաբաղյան պատերազմը, արդյունքում հասնել հայկական պետականության ոչնչացման»,- ասաց նա։

Այս առումով, Oragir.News-ի զրուցակիցը կոչ է անում դեռևս կտրուկ գործողություններ չձեռնարկել։ «Պետք է գիտակցել, որ մենք փոխարինող անվտանգային կառույց չունենք։ Եթե ոմանք առաջարկում են ՆԱՏՕ-ն, ապա նրանք չեն էլ հասկանում, թե ՆԱՏՕ-ի անդամ երկիր դառնալու համար ինչ երկար ուղի պետք է անցնեն պետությունները։ Օրինակ՝ Ուկրաինան ու Վրաստանը, որոնք դեռևս չեն կարողանում ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Մոռանում են նաև, որ մեր թիվ մեկ հակառակորդ Թուրքիան ևս ՆԱՏՕ անդամ է։ Այստեղ, կարծում եմ, որ մենք որևիցե հույս ունենալ, թե ՆԱՏՕ-ի կազմում մենք կարող ենք ունենալ անվտանգային միջավայր, մեղմ ասած, շատ անորոշ է»,- ասաց նա։

Այս իրավիճակում, ըստ Գարիկ Քեռյանի, յուրաքանչյուր քայլ պետք է կատարել կշռադատված։ «Ռազմաքաղաքական միջոցառումները նաև դիվանագտական ասպարեզում կատարվող քայլեր անելիս միշտ պետք է հազար անգամ չափել, հետո մեկ անգամ կտրել»,- եզրափակեց քաղաքական փորձագետը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի