Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:40 27-02-2023

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին տեղահանելն է. ՀՀ ԱԳՆ

35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ և հանցավոր անգործության հետևանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նաև ասվում է. «Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես ծրագրված ջարդերն իրագործվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իր պատմական հայրենիքում արժանապատվորեն ապրելու և խաղաղ արարելու քաղաքակիրթ պայքարը բիրտ ուժով ճնշելու նպատակով:

Ազգային ինքնության հողի վրա կատարված այս զանգվածային ոճրագործությունը լայն արձագանք ստացավ և դատապարտվեց միջազգային հանրության կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից համապատասխան բանաձևերի ընդունմամբ: Սակայն ոճրագործության իրական կազմակերպիչներն ու իրագործողները ոչ միայն պատասխանատվություն չկրեցին, այլև, ոգևորված անպատժելիությունից ու ամենաթողությունից, հայատյացության և անհանդուրժողականության նոր ալիք բարձրացրեցին՝ հայերի նոր ջարդեր և կոտորածներ իրականացնելով նաև Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում։

Այս արյունալի իրադարձությունների հետևանքով հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան հապշտապ լքել իրենց տները՝ թողնելով իրենց ունեցվածքը ու գույքը, և այս տարիների ընթացքում երբևէ հնարավորություն չստացան իրացնել իրենց ոտնահարված իրավունքները։

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական իշխանությունների հիշյալ ոճրագործությունները ոչ թե առանձին դրվագներ էին, այլ պետականորեն ծրագրված հայատյացության վառ օրինակներ, որոնց շարունակական դրսևորումների հետևանքով բռնի տեղահանվեցին նաև Շահումյանի շրջանի, Գետաշենի, իսկ 44-օրյա պատերազմի հետևանքով նաև Հադրութի, Շուշիի ինչպես նաև հարակից շրջանների տասնյակ հազարավոր հայեր:

Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափկված է պահում Լաչինի միջանցքը և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է:

Ադրբեջանն, այսպիսով, շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը, որը կանխելու գործում հրամայական է միջազգային հանրության հասցեական դատապարտումն ու համապատասխան միջազգային մեխանիզմների կիրառումը:

Այսօր էլ, անտեսելով անգամ հեղինակավոր միջազգային դատական ատյանների վճիռները, Ադրբեջանը բացահայտ կերպով շարունակում է ոչնչացնել, պղծել և վանդալիզմի ենթարկել հայկական պատմամշակութային կոթողները ու սրբավայրերը, նպատակ ունենալով ջնջել հայկական հետքը իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Միևնույն ժամանակ՝ ամենաբարձր մակարդակով շարունակում է հայության նկատմամբ ատելության քարոզը, ինչը նպատակ ունի երկու ժողովուրդներին հնարավորություն չտալ հաղթահարելու թշնամության մթնոլորտը:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթում և այլ բնակավայրերում իրագործված հայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ կրկին ընդգծում ենք, որ ի պատասխան հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն կառուցելու ջանքերին, Ադրբեջանի հակահայկական հռետորաբանությունն ու առավելապաշտական նկրտումները և ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են:

Հայաստանի Հանրապետությունը, միևնույն ժամանակ, իր հավատարմությունն է հայտնում խաղաղության օրակարգին, տարածաշրջանում երկարատև ու համապարփակ խաղաղության և անվտանգության հաստատումը համարելով անհետաձգելի հրամայական:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր