Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:18 27-02-2023

Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր տանն ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում․ ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս արյունալի իրադարձություններն ակնհայտ դարձրեցին ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը, որի նպատակը սեփական տանն ապրող և արարող հայերի բռնի տեղահանումն ու ունեզրկումն էր:

Հենց Սումգայիթի ողբերգության անպատժելիության հետևանքով կարճ ժամանակ անց նմանօրինակ բարբարոսություններ սանձազերծվեցին Բաքվում, Գանձակում և այլուր և ըստ էության, ադրբեջանական իշխանությունները փորձեցին էթնիկ զտման իրենց քաղաքականությունն իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղում՝ հարուցելով մեր հայրենակիցների արդարացի բողոքն ու դիմադրությունը:

Արցախի մեր հայրենակիցները ոտքի կանգնեցին իրենց հազարամյա հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու անքակտելի իրավունքների համար և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։ Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց, ցավոք, արցախահայությունը կրկին կանգնած է իր տանը, իր հայրենիքում ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում։
Սիրելի հայրենակիցներ,

Աշխարհասփյուռ հայություն,
Դարեր շարունակ մեր ժողովուրդը ճաշակել է և հաղթանակի բերկրանքը, և կորուստների դառնությունը, բայց մեր ժողովուրդը երբեք չի ձգտել պատերազմի, այլ փորձել է խաղաղ ապրել ու արարել իր տանը, հայրենիքում, իր ավյունով ու ստեղծագործ ջանքով՝ լավագույնս գիտակցելով և պատերազմի, և խաղաղության գինը, գիտակցելով նաև, որ պատերազմների արհավիրքում հաղթողներ չեն լինում։

Այսօր մենք խոնարհվելով սումգայիթյան ողբերգության անմեղ զոհերի հիշատակի առաջ, առավել քան երբևէ, պետք է միասնական ջանքով ի ցույց դնենք մեր անկոտրում կամքը՝ պաշտպանել իրենց հնամենի հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու Արցախի մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքները, պիտի մեկտեղենք մեր միասնական ներուժն ու կորովը՝ հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր սերունդների անվտանգ ու խաղաղ ապագայի։

Խաղաղություն մեր ժողովրդին, ամուր կամք ու բարօրություն Արցախի մեր հայրենակիցներին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում