Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 23:58 21-02-2023

Աո՜ւ, ԿԳՄՍՆ, Այվազովսկին հա՛յ է, հա՛յ...

Վերջին օրերին ռուսական մամուլը հեղեղվեց այն լուրով, թե Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Հովհաննես Այվազովսկուն դասել է ուկրաինացի նկարիչների շարքը:

Մետրոպոլիտեն թանգարանի կայքի՝ Այվազովսկու մասին հոդվածում՝ ծովանկարչի ազգությանը վերաբերող բաժնում, նշված է, որ նա ուկրաինացի է։



Սա միակ փոփոխությունը չէր, ուկրաինացի էր ճանաչվել նաև Արխիպ Կուինջին։ Ավելի վաղ աշխարհահռչակ արվեստի այս թանգարանը, ռուս-ուկրաինական հակամարտությունից ազդված՝ ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Էդգար Դեգայի «Ռուս պարուհի» կտավը վերանվանել է «Ուկրաինական զգեստով պարուհի»։

Ռուսական մամուլը, թանգարանները, արվեստի կենտրոնները, արվեստաբանները մեծ աղմուկ բարձրացրեցին այս կապակցությամբ։ Ռուսները առանձնապես վրդովված են մեծ ծովանկարչի ազգափոխության թեմայից։

Այվազովսկու «ուկրաինացումից» ռուսները զայրացած ու վրդովված են, ուկրաինացիները ուրախությունից ցնծում են, իսկ հայերը, ինչպես միշտ` խորը անտարբերության ու անուշադրության են մատնել։



Անցնող շաբաթվա ընթացքում հույս ունեինք, որ մշակույթը համակարգող նախարարությունը` ԿԳՄՍՆ-ն որևէ կերպ կարձագանքեր այս իրողությանը, մեծ ծովանկարչի ազգությունը հաստատող, հստակեցնող ու ապացուցող նամակ կուղղեր Մետրոպոլիտեն թանգարանին։ Սակայն, ոչ մի լուր չեղավ դրա մասին։

Դե, հասկանալի է, նախարարությունն անցած շաբաթ լուրջ գործերով էր զբաղված` Հովհաննես Թումանյանի արձանի շուրջ կարմիր գորգ պիտի փռեր, պատվո պահակ կանգնեցներ, միմյանց գիրք-միրք նվիրեին։ Հաստատ, նմանատիպ կարևոր խնդիրներով զբաղված ու ծանրաբեռնված կլինեին նաև ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Գեղարվեստի ակադեմիան, Ազգային պատկերասրահը ու մշակույթն իր մեջ կրող այն տիկինը, որը հիմա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է։

Սրանցից որևէ մեկի մտքով չանցավ, որ հրաշալի առիթ է` հայտարարելու ու շեշտելու աշխարհահռչակ մեծ ծովանկարչի ազգությունը։ Վերջապես հնարավորություն է ստեղծվել ասելու, որ Այվազովսկին ո՛չ ռուս է, ո՛չ էլ` ուկրաինացի, այլ հա՛յ է, հա՛յ։

Հայ, ով ծնվել է Կոստանդին (Գևորգ) և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում` 1817 թվականի հուլիսի 17 (29)-ին։ Հենց նույն օրը Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Յովհաննէսը՝ Գէորգ Այվազեանի որդին»։

Ի դեպ, եթե հանկարծ, հոդվածը կարդալուց հետո, վերոնշյալ կառույցները վերջապես որոշեն դիմել ամերիկյան թանգարանին, ապա օգնության կարգով, հուշում ենք, որ Թեոդոսիայի Սբ Սարգիս եկեղեցու մատյանի էջը պահվում է Հայաստանի ազգային արխիվում։ Սիրով ու մեծահոգաբար տրամադրում ենք գրառման լուսանկարը։



Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր