Մշակույթ 3 տարի առաջ - 22:48 10-02-2023

Ֆիդել Կաստրո և Գաբրիել Գարսիա Մարկես. մի ընկերության պատմություն

Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն և կոլումբիացի հայտնի վիպագիր, գրականության Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը ընկերներ էին։ Կարելի է ասել` լավագույն ընկերներ։

«Ֆիդելը լավագույն մարդն է, ում ես ճանաչում եմ»,- 1977 թվականին Մարկեսն ասել է լրագրողներին: «Մարկեսը Լատինական Ամերիկայի ամենահզոր մարդն է», - մի առիթով հավաստիացրել է Ֆիդել Կաստրոն:

Նրանք առաջին անգամ հանդիպել են 1959 թվականին, բայց ընկերացել են «Հարյուր տարվա մենություն» գրքի հրատարակումից հետո։ Վեպը Կաստրոին ուղղակի հիացրել է։



Ասթոնի համալսարանի լատինաամերիկյան մշակույթի պրոֆեսոր Ստեֆանի Պանիչելի-Բատալիայի հավաստմամբ` «նախագահը մոլի ընթերցող էր», և գրականության մասին մի քանի զրույցից հետո Կաստրոն Մարկեսին առաջարկել է` վերանայման համար իրեն ուղարկել արդեն հրատարակման պատրաստ ձեռագրերը։
Այս մասին պատմել է նաև Մարկեսը.

«Ֆիդելի հետ իմ բարեկամությունը, որ խիստ անձնական բնույթ ունի և հիմնված է ամենախորը համակրանքի վրա, սկսվել է գրականութունից: Ինքս ինձ համար բացահայտեցի այն, ինչ գիտեն չափազանց քչերը: Ֆիդել Կաստրոն ագահ ընթերցող է և բոլոր ժամանակների գրականության լուրջ գիտակ: Նրա մոտից գնալով առավոտյան ժամը չորսին (ողջ գիշեր զրուցել էինք)՝ ես նրան մի գիրք թողեցի, իսկ երբ հաջորդ օրվա ժամը տասներկուսին նորից հանդիպեցինք, Ֆիդելը գիրքն արդեն ամբողջովին ընթերցել էր: Ավելին՝ նա այնքան ուշադիր ու խոհուն էր կարդում, որ ընդունակ էր նկատել ամենաանսպասելի ու աննկատ հակադություններն ու անճշտությունները:



Կարդալով «Նավաբեկյալի պատմությունը» գիրքը՝ նա ինձ մոտ հյուրանոց եկավ, որ ասի, թե ես սխալ եմ թույլ տվել նավի արագության հաշվարկում, և հետևաբար ժամանման պահը պետք է ուրիշ լինի, ո՛չ թե այն, ինչ նշել եմ գրքում: Եվ նա ճիշտ էր: Ահա թե ինչու` մինչև «Հայտարարված մահվան խրոնիկան» պատմվածքը հրատարակելը բնագիրը տվեցի նրան: Եվ նա մատնացույց արեց որսորդական զենքի բնութագրման մեջ իմ թույլ տված սխալը: Ակնհայտ է, որ նրան հարազատ է գրականության աշխարհը, որ նա հրաշալի կողմնորոշվում է այդ աշխարհում: Մի անգամ նա ինձ ասաց.«Իմ ապագա վերամարմնավորման ժամանակ կուզենայի գրող լինել...»:



«Իմ հաջորդ կյանքում ես ուզում եմ գրող լինել». այս արտահայտությունը Ֆիդել Կաստրոն արել է հարցազրույցներից մեկի ժամանակ։ Կոլումբիական «Cambio» ամսագրում Կուբայի նախագահը գրել է. «Նրա հետ մեր երկար բարեկամությունը համոզեց ինձ, որ իմ ապագա ռեինկարնացիայի ժամանակ ես չեմ ուզում պարզապես գրող լինել, այլ ուզում եմ լինել Գարսիա Մարկեսի նման՝ մեր կյանքում մանրամասներ փնտրելու իր համառությամբ, որոնց վրա փիլիսոփայական քարի պես հիմնվում է նրա հիասքանչ չափազանցությունների իրականությունը»։



Կուբայի առաջնորդը բարեկամաբար Գաբո էր անվանում իր սիրելի վիպասանին։ Նա բարձր էր գնահատում Գաբոյի գրական տաղանդը և միանգամայն համաձայն էր նրա արած այն դիտարկմանը, որ Մարկեսը ստիպված չէր որևէ հատուկ բան հորինել իր վեպերը գրելու համար, քանի որ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում «իրականությունը գերազանցում է ցանկացած հնարովի պատմությանը, և խնդիրը` արդեն գոյություն ունեցող իրականությունը ցույց տալն է այնպիսին, ինչպիսին այն իրականում կա»:



Գաբրիել Գարսիա Մարկեսին, իհարկե, քննադատում էին Կաստրոյի հետ ընկերության համար։ Ոմանք նրանց բարեկամությունը համարում են սև բիծ նշանավոր վիպասանի կյանքում, իսկ մյուսները պնդում էին, որ այս ընկերության շնորհիվ Մարկեսը կարողացել է «մեղմել ու հարթել Կաստրոյի կոպիտ անկյուններն ու եզրերը»:

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով