Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:45 19-01-2023

Եվրոպական խորհրդարանն Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձև է ընդունել

Եվրոպական խորհրդարանը Արցախի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ հետևյալ համատեղ բանաձև է ընդունել:

Ընդունված բանաձևում մասնավորապես ասվում է.

«Ա. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թ. դեկտեմբերի 12-ից արգելափակված է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից, հաշվի առնելով, որ դա խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայերի համար հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով նրանց,

Բ. հաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է ծանր հումանիտար ճգնաժամի՝ էապես ազդելով առավել խոցելի բնակչության վրա, հաշվի առնելով, որ ծանր հիվանդների տեղափոխումը գրեթե անհնար է, և այս իրավիճակի հետևանքով 1 մարդ է մահացել, հաշվի առնելով, որ հարյուրավոր ընտանիքներ մնում են իրարից բաժանված,

Գ. հաշվի առնելով, որ այս հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման խափանման պատճառով, որի հետևանքով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման,

Դ. հաշվի առնելով, որ պահպանելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, որոնց ստանձնել է հրադադարի մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը,

Ե. հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները դանդաղեցնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում միջազգային վստահությունը,

Եվրոպական հանձնաժողովը.

Ցավում է Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական մարդասիրական հետևանքների համար:

Հորդորում է Ադրբեջանին հարգել և կյանքի կոչել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ ազատ տեղաշարժի հնարավորություն տալով և ապահովելով հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը՝ այդպիսով երաշխավորելով անվտանգությունը տարածաշրջանում և ապահովելով բնակիչների ապրուստի միջոցները։

Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ իր հրահրիչ հռետորաբանությունից, որը հայերի դեմ խտրական վերաբերմունքի կոչ է անում և հորդորում է հայերին լքել Լեռնային Ղարաբաղը:

Կոչ է անում Ադրբեջանին ապագայում զերծ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ կապերը և հաղորդակցությունը խաթարելուց:

Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպաններին և ՔՀԿ-ներին քավության նոխազ դարձնելը և կոչ է անում ԵՄ և անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին:

Դատապարտում է ՌԴ խաղաղապահների անգործությունը, գտնում է, որ ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով նրանց փոխարինման շուրջ պետք է հրատապ բանակցություններ վարվեն:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին տրամադրել անարգել մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնությունը տրամադրելու համար:

Կոչ է անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կազմակերպել դեպի Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:

Կոչ է անում առանց նախապայմանների անհապաղ վերսկսել բանակցությունները՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա:

Կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չպահվեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության կողմից:

Հանձնարարում է իր Նախագահին սույն բանաձևը փոխանցել Հայաստանին, Ադրբեջանին և միջազգային կառույցներին»։

Թարգմանությունը՝ Տաթև Հայրապետյանի

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»