Խոսք Ներքին 3 տարի առաջ - 17:59 17-01-2023

1988 թվականից սկսած պայքարում Արցախն այսքան մենակ երբեք չի եղել․ արցախցի պատգամավոր

Հաշվի առնելով Արցախում 37 օր շարունակվող բլոկադայի իրավիճակը՝ յուրաքանչյուր քայլ մեզ համար կարող է ճակատագրական լինել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Իր խոսքով՝ նկարագրած իրավիճակից ելնելով ԱՀ ԱԺ-ում երեկ քննարկված հարցերի շարքում կարևոր էր հատկապես ընտրությունների հարցը։ «Այսօր, մինչև Սահմանադրական բարեփոխումները չլինեն, մեծ հաշվով, մենք հասկանում ենք, որ երբ միևնույն օրը կազմակերպվում են և՛ նախագահական, և՛ խորհրդարանական ընտրություններ՝ հնարավոր է, որ այդ դեպքում սպառնալիքներն ավելի շատ լինեն և հետագայում իրենց լեգիտիմությունը կասկածի տակ դրվի։

Օրինակ՝ եթե Ադրբեջանի կողմից սադրանք լինի և ինչ-որ ձևով խոչընդոտեն այդ ընտրությունների անցկացումը։ Հնարավոր ռիսկերից խուսափելու համար նախ պետք են Սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որպեսզի այդ ընտրություններն անցկացվեն առանձին ժամանակներում»,- ասաց նա։

ԱԺ-ում նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում, պատգամավորի խոսքով, քննարկվել են նաև Բերձորի միջանցքի փակման հետևանքով առաջացած մի շարք այլ խնդիրներ։ «Խոսել ենք, թե ինչպես համախմբված, միասնական ջանքերով հաղթահարենք ստեղծված իրավիճակը»,- ասաց նա։

Ստեղծված իրավիճակի հաղթահարման նպատակով արդեն այսօրվանից արցախցիներին մի շարք սննդամթերքներ կտրամադրվեն կտրոններով։ Պատգամավորի խոսքով՝ դրանք արդեն իսկ տրամադրվում են, տեղամասերը բաշխված են։ «Այդ կետերում տրամադրվելու են կտրոններ, որպեսզի հավասարությունը լինի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մի նավի մեջ ենք, և մահը, և հացը պետք է կիսել։ Դա արվում է, որպեսզի կարողանանք կառավարել ռեսուրսները և դրանց ճիշտ համաբաշխում տեղի ունենա»,- ասաց նա։

Արցախում առկա իրավիճակի հաղթահարման համար մի շարք սննդատեսակներ՝ մակարոնեղեն, շաքարավազ, ձեթ, բրինձ, հնդկաձավար, կտրամադրվեն հատուկ սահմանաչափով։ «Եթե Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն, որ իրենք ամեն կերպ աջակցում են Արցախին՝ այս հարցը կարող է շատ կարճ ժամանակահատվածում հանգուցալուծվել։ Իսկ եթե նրանք չփորձեն պահանջատեր լինել և բոլոր իրենց ռեսուրսներով, բացի ֆինանսականը ու հումանիտարը, միայն ու միայն վերջնական որոշում կայացնեին ու դրանով իսկ փորձեին օգտակար լինել Արցախին։

Այստեղ գիտեք, որ ամենօրյա ռեժիմով 400 տոննա մթերք էր մտնում՝ հիմա սահմանափակ է։ Ռուս խաղաղապահների միջոցով կարողանում են շատ սահմանափակ բեռ բերել։ Եթե ՀՀ իշխանությունները չլծվեն գործի և օր առաջ չբացվի այս ճանապարհը, ապա մեծ խնդիրներ ենք ունենալու»,- ասաց նա։

Ըստ արցախցի պատգամավորի՝ 1988 թվականից սկսած պայքարում Արցախն այսքան մենակ երբեք չի եղել։ «Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են երես թեքել կամ ձեռքերը լվանալ, կամ իրենց ռեսուրսները մաքսիմալ չեն օգտագործում այս իրավիճակը հանգուցալուծելու համար՝ կարող ենք ընդամենը հույս ունենալ, որ իր վերջո, Հայաստանի ժողովուրդը կկարողանան պարտադրել օրվա իշխանություններին՝ համազգային այս շարժումն ու խնդիրը լուծվի համատեղ ուժերով։ Նրանց պետք է ստիպել վերադառնալ այդ դաշտ, որպեսզի կարողանանք հաղթահարել այս վիճակը։ Կրկնում եմ, սա արցախահայության խնդիրը չէ, համայն հայության խնդիրն է։ Եթե ամբողջ հայությունը չկլծվի այս խնդրի լուծմանը, ապա ցավալի օրեր են սպասվում՝ ո՛չ միայն արցախահությանը, այլև համայն հայությանը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ