Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:18 27-12-2022

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասին

Դեկտեմբերի 26-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։

Մայր Աթոռից հայտնում են, որ Տերունական աղոթքից հետո լուսարարապետ Սրբազան Հայրը, սարկավագաց դասի անունից շնորհավորելով Նորին Սրբությանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի կապակցությամբ, հայցեց Հայոց Հայրապետի օրհնությունը։

Իր հերթին Հայր Շահեն վստահություն հայտնեց, որ նորընծա սարկավագները, ուսումնառությունն ավարտելով, իրենց գիտելիքներն ու կարողություններն ի սպաս կդնեն հանուն Եկեղեցու և հայ ժողովրդի։

Այնուհետև Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերում սպասավորող սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ Սուրբ Ստեփանոսի` քրիստոնեական եկեղեցու առաջին նահատակի անձին ու կերպարին։ Հայոց Հովվապետը Հայ Եկեղեցու նվիրապետական դասի կրտսեր սպասավորներին հորդորեց, որ Սուրբ Ստեփանոսի նվիրումը, հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին։

Այս առիթով Նորին Սրբությունը պատգամեց նաև նմանվել իրենց եկեղեցական այն եղբայրներին, ովքեր նվիրումով ու քաջությամբ, իրենց կյանքը չխնայելով, նախասարկավագի անձնազոհության բարձր գիտակցությամբ առաջնագծում կանգնած են եղել հայ զինվորի կողքին, գոտեպնդել ու քաջալերել վերջիններիս։

Հայոց Հայրապետը նկատեց, որ այսօր, առավել քան երբևէ, յուրաքանչյուր հայորդուց պահանջվում է Սուրբ Ստեփանոսի նվիրումն ու նահատակության հանձնառության բարձր գիտակցությունը, որով հնարավոր կլինի հաղթահարել առկա մարտահրավերները և հաղթանակած դուրս գալ ստեղծված դժվարին իրավիճակից, ինչպես քրիստոնեությունը հաղթանակեց նահատակների ու մարտիրոսների շնորհիվ։

Վերջում Վեհափառ Հայրապետը սարկավագներին պատգամեց, որ իրենց առաքինի ընթացքով ու նվիրյալ ծառայությամբ պանծացնեն հայ եկեղեցականի և Եկեղեցու բարի համբավը՝ արժանանալով գալիք սերունդների օրհնությանը։

Հանդիպումը եզրափակվեց սարկավագաց դասի «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ և Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին