Ներքին 3 տարի առաջ - 17:44 23-12-2022

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրենի և այլ անձանց նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի (Արա Մինասյան-խմբ) կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Ա.Մ.-ը հիշյալ քրեական գործով դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է մեղադրյալ` հիշյալ ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու համար:
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը և հայտարարված է հետախուզում:

Քրեական վարույթի հետագա ընթացքում ձեռնարկված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողություների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև Ա.Մ.-ի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցավոր չարաշահման վերաբերյալ։
Մասնավորապես` պարզվել է, որ վերջինս տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալիզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամը:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ ևս Ա.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ՝ համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 3-րդ մասի 3-րդ կետին), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասին), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 2-րդ մասին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) 2-րդ մասի 2-րդ կետին):
Որոշում է կայացվել նաև կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալիզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս քրեական հետապնդում հարուցելու մասին:

Հեմոդիալիզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենը ընդունել է իր մեղավորությունը, քննության այս փուլում պետությանը պատճառված ընդհանուր 415.336.470 ՀՀ դրամից վերականգնել է 50.000.000 ՀՀ դրամը` պատրաստակամություն հայտնելով մինչև 2023 թ. հունիս ամիս ամբողջությամբ հատուցելու իրենց հանցավոր գործողության արդյունքում պետությանը պատճառված վնասը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձվել Ա.Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված ԲԿ-ի կարիքների համար գնումների ողջ գործընթացը և կատարվում են մեծածավալ գործողություններ հնարավոր այլ չարաշահումները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար