Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 18:37 10-12-2022

ՀՀ դատախազությունն ու ՌԴ դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեկտեմբերի 9-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը եղել է տվյալ համալսարանում։

«ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության և համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ Խոսվել է նաև դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման ու կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային կրթության կազմակերպման անհրաժեշտության մասին»,– ասված է հաղորդագրությունում:

Վարդապետյանը բարձր է գնահատել համալսարանում հայ դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացի որակն ու ընդգծել Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովման կարևորությունը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն էլ հանդիպման ընթացքում ներկայացրել է դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացում նախատեսվող բարեփոխումների փաթեթային լուծումները։ Դրանք ուղղված են դասավանդման մեթոդաբանությանը, մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպմանը և այլն:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և պայմանավորվել շարունակական դարձնել նման ձևաչափով հանդիպումները՝ ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ կադրերի պատրաստման նպատակի իրականացմանը:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի