Արտաքին 3 տարի առաջ - 16:10 06-12-2022

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպումը Երևանում անցկացնել

Ադրբեջանի մեջլիսի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը առաջարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն անցկացնել Երևանում։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «APA» լրատվական գործակալությունը, Օրուջն այս մասին ասել է այսօր կայացած Ադրբեջանի մեջլիսի հերթական նիստի ժամանակ։

Ադրբեջանցի պատգամավորը հայտնել է, որ պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Մոսկվայում, Բրյուսելում, Սոչիում և Պրահայում կայացած բանակցությունները փաստեցին, որ «միջնորդներին ոչ թե խաղաղություն է անհրաժեշտ, այլ Հարավային Կովկասի տարածաշրջանում գերիշխանություն»։ Նրա խոսքով՝ «Հայաստանին Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ամերիկայի ձեռքից դուրս բերելը նույնքան կարևոր խնդիր է, որքան Շուշին գրավելը»։

Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Նիդերլանդների ու Ֆրանսիայի խորհրդարանների որոշումները չեն ընդունվել անգամ Հայաստանի կողմից։

Օրուջը նշել է, որ նման պայմաններում օտար երկրներից տեղի ունեցող «հարձակումներին» լավագույն պատասխանը կլինի Երևանում Հայաստանի վարչապետի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման կազմակերպումը։

«Այլ ճանապարհ չկա. պաշտպանել բանակցությունները արտաքին միջամտությունից և ինտրիգներից։ Հնդկաստանից հրթիռներ գնող պետությանը պետք է համոզենք, որ ինքը կարող է փրկել ոչ թե ռազմավարական զենքով, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի երաշխիքներով»,- ասել է նա։

Զահիդ Օրուջը հավելել է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Էրդողան-Փաշինյան հանդիպումը առաջին փորձությունն էր՝ դարավոր թշնամությանը, վախին և ատելությանը վերջ տալու համար։ Նրա խոսքով՝ երեք երկրների մայրաքաղաքներում Փաշինյան-Էրդողան-Ալիև հանդիպումների անցկացումը խնդիրը կարգավորելու միակ ճանապարհն է։

«Ժողովուրդները չեն կարող հավերժ ապրել պատերազմական ու թշնամական վիճակում»,- եզրափակել է նա։







Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում