Արտաքին 3 տարի առաջ - 21:04 29-11-2022

Ասադը մեկնաբանել է Էրդողանի հետ հանդիպելու հնարավորությունը

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որում վերջինս չէր բացառել Ասադի հետ հանդիպելու հնարավորությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական «Gazete duvar» պարբերականը, Ասադը սիրիացի ակադեմիկոսների և լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ թուրք-սիրիական հարաբերությունների վերաբերյալ գնահատականներ է տվել։


Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան ցույց է տվել, որ պատրաստ է ընդառաջել Դամասկոսի պահանջներին։ Ասադն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրենք Թուրքիայից գործողություններ են ակնկալում, այլ ոչ թե խոսքեր։

Ասադն ասել է, որ Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների միջև հանդիպումներ են եղել՝ նշելով, որ երկկողմ բանակցությունների մակարդակը շուտով կբարձրանա։ «Անկարան իր քաղաքական կողմնորոշմամբ կարող է ավելի վճռական լինել, քան որոշ արաբական երկրներ, սակայն հնարավոր չէ հասկանալ՝ Թուրքիայի դիրքորոշումն անկե՞ղծ է, թե՞ դա պարզապես քաղաքական մանևր է»,- հայտարարել է Ասադը։

Սիրիայի առաջնորդը նաև հայտնել է, որ քրդական ուժերի հետ շփումեր կան առօրյա խնդիրների, ծառայությունների խափանումների և այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով Միացյալ նահանգների և Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ հարաբերություններին՝ Ասադն ասել է. «Քրդական ուժերի հետ երկխոսությունը շարունակվում է, սակայն առաջընթաց չկա։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա մենք չենք շփվում ամերիկացիների հետ և ապավինում ենք ժողովրդական աճող դիմադրությանը, որպեսզի ամերիկացիներին ճնշենք՝ լքեն օկուպացված տարածքները»:

Էրդողանը հոկտեմբերին արած իր հայտարարություններից մեկում նշել էր, որ երբ ժամանակը գա, հնարավոր է հանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Օրեր առաջ Էրդողանը նշել էր, որ Թուրքիան կարող է կարգավորել Սիրիայի հետ հարաբերությունները, ինչպես ներկայումս դա անում է Եգիպտոսի հետ։

Հիշեցնենք, որ Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին 2011 թվականից հետո, երբ Սիրիայում բողոքի ակցիաներ, իսկ այնուհետև քաղաքացիական պատերազմ մեկնարկեց։ Թուրքիայի իշխանությունները՝ Էրդողանի գլխավորությամբ, այդ շրջանում աջակցում էին Սիրիայում գործող հակակառավարական ուժերին։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի