Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:44 21-11-2022

Ջավախքում տեղի է ունեցել «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված Վահան Տերյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) Նինոծմինդա քաղաքում իրականացրել է «Աշնան մեղեդի․ պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված ականավոր բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանին։

Երեկոյի ընթացքում հայերեն և վրացերեն հնչել են տերյանական պոեզիա, երգ ու երաժշտություն՝ գրված բանաստեղծի ստեղծագործությունների հիման վրա։ Կատարումներով հանդես են եկել երգիչներ Մավր Մկրտչյանը և Վահագ Ռաշը։ Անդրադարձ է եղել նաև Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնման ընթացքին։

ՋԱՀ-ի տնօրեն Սամվել Մկոյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության և գործընկերներին՝ համագործակցության համար։ Նրա գնահատմամբ՝ մշակութային նմանատիպ միջոցառումները հայ-վրացական բարեկամական դարավոր կապերն ընդգծելու և ավելի սերտացնելու նպատակ ունեն։

«Օրն այսօր Տերյանի մասին է, և մենք հավաքվել ենք լսելու և ասմունքելու սիրելի բանաստեղծին։ Էլ ինչ աշուն՝ առանց Տերյան,- ասել է Սամվել Մկոյանը և հավելել,- այս տարածաշրջանում մշակութային իրադարձությունները հաճախադեպ չեն, և սա հնարավորություն է մարդկանց համար՝ ուղղակի վայելելու միջոցառումը՝ ևս մեկ անգամ արժևորելով Տերյան բանաստեղծին և գործչին»։

Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզկենտրոն Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, հյուրեր Վրաստանից և Վահան Տերյանի արվեստի երկրպագուներ։

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը խորհրդանշական է համարել Չարենցի տուն-թանգարանի մասնակցությունը Տերյանին նվիրված միջոցառմանը․ «Սա հրաշալի առիթ է՝ ևս մեկ անգամ ներկայացնելու և գնահատելու Տերյանի գործունեությունը։ Չարենցյան ներկայությունն այս միջոցառմանը խորհրդանշական է, քանի որ Տերյանը, ինչպես գիտենք, եղել է Չարենցի գրական նախահայրը։ Մենք այստեղից կգնանք՝ մեզ հետ տանելով տերյանական շունչը, որ տիրում էր այս միջավայրում»։

Մեծ հայերի փոքր հայրենիքում՝ Ջավախքում, նմանատիպ միջոցառումների անցկացումը դրական է գնահատել նաև մյուս մեծ ջավախքցի գրողի՝ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը:

Հյուրերը միջոցառման շրջանակում այցելել են Կարծախ՝ Ջիվանու տուն-թանգարան, Փարվանա լիճ՝ հիանալու բանաստեղծական բնապատկերով։ Շրջել են նաև Գանձա գյուղում 2021 թվականին հիմնանորոգված և վերաբացված Վահան Տերյանի ցուցասրահում, եղել թանգարանի հուշային հատվածում, ծանոթացել բանաստեղծի հայրական տան կենսագրությանը, նրա մանկության հուշերին։ Նշենք, որ այժմ մեկնարկային փուլում են թանգարանի հուշային հատվածի վերականգնման աշխատանքները։










Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին