Ներքին Մշակույթ 3 տարի առաջ - 22:30 12-11-2022

Մի օր որոշեցի ինքնասպան լինել

Մի երեկո Սոս Սարգսյանն ու Մհեր Մկրտչյանը Թաթիկ Սարյանի ներկայությամբ երկար խոսում են Հրաչյա Ներսիսյանի մասին` քննարկում, վերլուծում ու հիանում նրա մեծությամբ։ Թաթիկ Սարյանը ուշադիր լսելով, հանկարծ ոչ այնքան հարմար պահի միջամտում է զրույցին.

«Հրաչը Կոնստանդնուպոլսից, որ նավ նստեց եկավ, մի բեռնատար նավ էլ հետը բերեց...բախտ էր լցրել մեջը...հետը բերեց...»։



Թաթիկ Սարյանի նման տաղանդավոր և արժանվույնս չգնահատված դերասանի բնորոշմամբ՝ Ներսիսյանը բախտավոր էր, որի տաղանդը, ի տարբերություն իրեն, լիուլի գնահատված ու արժևորված էր։ Սակայն, այս արտաքուստ բախտավոր դերասանն իր մեջ կրում էր հուսահատության հասցրած ծանր պատմություններ, որոնք մինչև այժմ լիովին բացահայտված չեն։ Դրանցից մեկի մասին է Հենրիկ Հովհաննիսյանի հուշը.

«Однажды я решил кончить жизнь самоубийством.
Այսպես, կեսկատակ, կեսլուրջ սկսեց իր պատմությունը Հրաչյա Ներսիսյանը, 1957թ. հունվարի 2-ին, Արմեն Գուլակյանի տանը, Նոր տարվա սեղանի մոտ։

-Էդ ե՞րբ էր, Հրաչ,- ծիծաղով հարցրեց Գուլակյանը։

-Էհ, շատ վաղուց։ Ջահել էի։ Պատերազմի ժամանակ, երբ հագիս զինվորի զգեստ էր։

Որտե՞ղ էր, որ թվին, չասաց։ Նրա պատմածի մեջ կար անապատ, ծով, ոչխարների հոտ և արաբ հովիվ։ Եվ այսպես, նա որոշում է ինքնասպան լինել ու վազում է դեպի ծովը, որը նրան թվում է շատ մոտ, վազում է անապատի ավազների մեջ խրելով ոտքերը և տեսնում, որ ծովն այնքան էլ մոտ չէ, վազում է հոգնած, հուսահատ ու տանջահար, վազում է ու հանկարծ կանգ է առնում, երբ ծովն արդեն մոտ էր։ Նրան կանգնեցնում է հեռվից լսվող մի ձայն.

-Կանգնեցրեց ինձ հանկարծ անապատի ձայնը։ Ոչխարներ էին արածում անապատում, արաբ հովիվը երգում էր։

Երիտասարդը կանգնում է, լսում է երգը` մի թախծոտ ու ձիգ երգ։ Անապատի շոգ լռությունը լցվում է մի տխուր, անհուն երազանքով։ Երիտասարդը լսում է, և ինքնասպանության միտքը երևում է ողորմելի ու անիմաստ վճիռ տիեզերական հավերժության մեջ։

-Որոշեցի, որ ավելի լավ է ապրել, քան մեռնել։ Ես հիմա կերգեմ այդ երգը։

Ինչու՞ էր որոշել ինքնասպան լինել, իսկապես ե՞րբ և որտե՞ղ, դա կարևոր չէր նրա համար, չէ՞ր հիշում, թե՞ նշանակություն չէր տալիս փաստի մանրամասներին։ Նա հուզական մեծ նշանակություն էր տալիս իր ներշնչմանը...»։



Այսօր ամենաբախտավոր ու ոչ այնքան, ամենազգացմունքային ու հուզական և անկախ կոչումներից` ամենաժողովրդական դերասանի` Հրաչյա Ներսիսյանի ծննդյան օրն է։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրшզենային վնшսվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար