Արտաքին 3 տարի առաջ - 21:10 20-10-2022

Էրդողանն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախի Հանրապետության՝ Բաքվի կողմից օկուպացված տարածքներ կատարած այցելության շրջանակներում Մեխակավան (Ջաբրայիլ) քաղաքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել։

Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Էրդողանն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին։

Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում այսպես կոչված օկուպացիայից ազատագրել է իր տարածքները և վերականգնել 30 տարի իրեն չտրված իրավունքը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում «անկեղծ քայլեր է ձեռնարկել և դրական առաջարկներ արել, որով բացահայտել է, որ իր վերջնական նպատակը մշտական խաղաղությունն է, բարգավաճումն ու կայունությունը»։

«Ինչպես միշտ ասում եմ՝ խաղաղությունը պարտվող չունի։ Մեր միակ նպատակը մեր տարածաշրջանի բարգավաճ ապագայի կերտումն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացները առաջ են շարժվում միմիյանց աջակցելով։ Էրդողանը շեշտել է, որ այս հնարավորությունների պատուհանը անհրաժեշտ է լավ օգտագործել։

Վերջինս նաև անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկմանը, որը Նախիջևանը կապելու է Ադրբեջանի հիմնական մասին։ Էրդողանը հայտնել է, որ իր կարծիքով՝ այս հարցում որոշ շրջանակների մտավախություններն ու մտահոգություններն անհիմն են։

«Արդեն Ղարաբաղի մասով այս բոլոր քայլերից հետո նման վախի կարիք չկա։ Ադրբեջանը հաստատակամ քայլերով շարունակում է իր ճանապարհը։ Այս ճանապարհը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, հանգստությանը, կայունությանը և առևտրի ու ներդրումների հնարավորություններ կապահովի բոլոր երկրների համար, որոնք գտնվում են Կասպից անցումով արևելք-արևմուտք կենտրոնական միջանցքի երթուղու վրա»,- հայտարարել է նա:




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան