Ներքին 3 տարի առաջ - 20:03 20-10-2022

ԵԽԽՎ պատգամավորների հայտարարությունը ոչ թե մեր պետության աշխատանքի, այլ նրանց անաչառության արդյունքն էր․ Փոստանջյան

«Սա ոչ թե մեր պետության կողմից կատարված աշխատանք էր, այլ բարեկամ կամ որոշ չափով անաչառ մարդկանց կողմից արված հայտարարություն։ Ուղղակի մարդիկ ցավ են ապրել, գիտեն՝ ովքեր են հայերը, դրա համար են նման հայտարարություն արել»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փաստանջյանը՝ անդրադառնալով օրերս ԵԽԽՎ 47 պատգամավորների հրապարակած համատեղ հայտարարությանը։ Նրանք դատապարտել էին Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, կոչ էին այդ երկրի ղեկավարությունը՝ դուրս բերել իրենց ԶՈՒ-երը ՀՀ ինքնիշխան տարածքից ու ազատել բոլոր գերիներին։

«Չեմ կարծում, թե այդ հայտարարությունն ունենա ուժգին ազդեցություն։ Սա գրավոր հայտարարություն է, որը կազմված է պատվիրակների կողմից։ Իսկ միացողներն իրենց դիրքորոշումն են հայտնում որպես պատգամավորներ։ Մեզ անհրաժեշտ է բանաձևի՛ ընդունում, որը տեղի է ունենում լիագումար նիստերի ընթացքում։ Սա, իհարկե, այդ փաստաթղթերի դասին չի պատկանում»,-ասաց նախկի պատգամավորը։

Ըստ Փոստանջյանի՝ Եվրոպայի գրեթե բոլոր կարևոր երկրներում ազգային ներկայացվածություն ունեցող Հայաստանը չի օգտագործում ունեցած իր ամբողջ ներուժն ու բավարար աշխատանք չի տանում միջազգային հարթակներում։

«Ես տեսնում եմ ՀՀ բացակայությունը միջազգային ատյաններում, որովհետև, ըստ էության, մենք չենք աշխատում որպես տուժող։ Մենք ապրում ենք ամբողջ Եվրոպայի գրեթե բոլոր կարևոր երկրներում, բայց բանաձևեր ունեցանք միայն Ֆրանսիայի, Բելգիայի և Նիդերլանդների պառլամենտների կողմից։ Մենք չենք աշխատում նաև ԵԽԽՎ-ում ներգրավված պետությունների խորհրդարանների հետ։ Անգամ չաշխատելու պարագայում այդքան պատգամավորներն իրենք են պարզապես հետաքրքրվել ու այդ հայտարարությունն արել։ Իսկ այս պառլամենտի կողմից կարող էինք ավելի ուժեղ բանաձևի ընդունում արձանագրել»,- ասաց Փոստանջյանը։

Փոստանջյանի խոսքով՝ այսօրվա և իր ժամանակվա միջև մեծ տարբերություններ կան։ Նախ, ըստ նրա, այն ժամանակ ՀՀ-ն այսօրվանից ավելի անկախ պետություն էր և չէր պատերազմում։

«Առավել ևս, երբ ճգնաժամային առումով այդ տարբերությունը մեծ է՝ աշխատանքը պետք է լիներ օր ու գիշեր։ Չպետք է դադարեին բողոքներն ու ապացույցները, մեր բնակչությունը չպետք է դադարեր այնտեղ այդ նույն պատգամավորներին անհանգստացնել։ Մենք այն ժամանակ երբ ներկայացված էինք, թուրք-ադրբեջանական համատեղ հայտարարություններն ու փաստաթղթերը կանխում էինք։ Հակառակ որևէ փաստաթուղթ էինք ներկայացնում կամ այդ փաստաթղթի տակ ստորագրած անձի հետ անհատական աշխատանք էինք կատարում, որպեսզի դա հետագայում չդառնար բանաձև։ Այսինքն՝ բավականին լայնածավալ գործունեություն պետք է ծավալեինք։ Բայց հիմա հասկանում ենք, որ ոչ մի մակարդակում նման գործունեություն չի ծավալվում։ Ես չգիտեմ, թե մեր պատվիրակությունն այնտեղ ինչով է զբաղվում։ Համենայն դեպս, ես արդյունավետ աշխատանք չեմ տեսել»,- ասաց նա։

Որքան էլ քաղաքական հայացքները միմյանցից տարբերվեին, պատվիրակության անդամները մարդկային առումով շատ դրական հարաբերություններ են ունեցել,- ասաց Փոստանջյանը։

Ըստ նրա՝ հատկապես բացարձակ միասնականություն էր արտաքին թշնամու վերաբերյալ մոտեցումներում։

«Իրենք որոշ դեպքերում նախաձեռնողական չէին, որ մենք մեղադրեինք Ադրբեջանին ու Թուրքիային, որովհետև պետությունն այդպիսի քաղաքականություն չուներ։ Երբ փաստաթուղթ էր ներկայացվում, պատասխանում էին։ Բայց, այնուամենայնիվ, երբ ես հարձակողական որևէ բան նախաձեռնում էի ընդդեմ թուրքերի, իրենք միանում էին։ Անգամ Չավուշօղլուն էնտեղ իմ հետևից պտտվում էր ու իմ նախաձեռնություններին միացած անձանց ասում էր՝ տեռորիտական կազմակերպությունից է, վտանգավոր է և այլն»,- հիշեց նա։

Ըստ Փոստանջյանի՝ անգամ քաղաքական տարբեր բևեռներում գտնվելով՝ պատվիրակության անդամները հատկապես միջազգային հարթակներում միշտ միմյանց նեցուկ են եղել։ Աջակցել են ցանկացած՝ անգամ ամենաանհավանական հարցերում։

«Այդ ժամանակ իրենք մի փաստաթուղթ էին փորձում անցկացնել և այդ փաստաթուղթն անցկացնելուն պետք է խոչընդոտեինք։ Ես պետք գնային շատ ստորագրություն հավաքելու, իսկ իմ երեխան էլ նոր էր ծնվել։ Իրենք նայել են իմ երեխային, ես անցել եմ այդ աշխատանքներ իրականացնելու։ Գիտե՞ք, ես համոզված էի, որ իմ 1 ամսական երեխային կարող էի թողնել իրենց մոտ և գնալ աշխատելու՝ չունենալով որևէ անհանգստություն»,- հիշեց նախկին պատգամավորը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին