Արտաքին 3 տարի առաջ - 13:58 13-10-2022

Բաքուն կրկին մեղադրում է Երևանին և խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում, որում կրկին Հայաստանին ուղղված մեղադրանքներ է հնչեցրել և խոսել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման մասին։

Ալիևը իր խոսքում կրկին նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի արդյունքում Ադրբեջանը «ազատագրեց իր հողերը հայկական օկուպացիայից, վերջ դրեց 30-ամյա հակամարտությանը, ապահովեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերի իրագործումն ու իր տարածքից Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը»։ Նա մեղադրել է Հայաստանին՝ «ադրբեջանական բնակավայրերը, մշակութային ու կրոնական հուշարձանները նպատակաուղղված ավերելու և թալանելու համար»։

Ադրբեջանի նախագահը ասել է, որ Հայաստանը «պարբերաբար ռազմական հանցագործություններ է իրականացրել Ադրբեջանի խաղաղ բնակչության և զինվորականների նկատմամբ»։ Նրա խոսքով՝ Արցախյան առաջին պատերազմից մինչ այսօր անհայտ կորած է համարվում Ադրբեջանի մոտ 3900 քաղաքացի, որոնց մեծ մասին «խոշտանգել են, սպանել ու թաղել զանգվածային գերեզմաններում»։

Ալիևը Հայաստանը կոչ է արել անհայտ կորածների ճակատագրի և զանգվածային գերեզմանների ճշգրիտ վայրերի մասին Ադրբեջանին տեղեկություն տրամադրել։ «Շուրջ երկու տարի մենք պահանջում ենք այդ տեղեկատվությունը, սակայն Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով այն փոխանցել Ադրբեջանին, դրանով ասոցացվում է նախկին հայկական վարչակարգերի հանցագործ առաջնորդների հետ»,- ասել է նա։

Վերջինս Հայաստանին մեղադրել է նաև Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականապատումներ իրականացանելու համար։ Նրա խոսքով Ադրբեջանն աշխարհում ականներով ամենաշատ աղտոտված երկրների շարքում է։

«Նախնական գնահատականներով՝ օկուպացիայի ժամանակաշրջանում Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել Ադրբեջանի տարածքում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին հաջորդած երկու տարում ականների պայթյունի հետևանքով զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի։ Միջազգային փորձագետների կարծիքով, ականազերծման հետ կապված խնդիրները լուծելու համար Ադրբեջանին կպահանջվի գրեթե 30 տարի և 25 միլիարդ ԱՄՆ դոլար»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահը Երևանին է մեղադրել նաև սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների համար։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի զինված ուժերը ստիպված են եղել դիմել վճռական հակազդեցությունների՝ հայկական ռազմական սադրանքը կասեցնելու համար և բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Նա միևնույն ժամանակ հիշեցրել է, որ չնայած այս ամենին Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Ալիևը նաև անդրադարձել է Բաքվի կողմից իրականացվող տրանսպորտային նախագծերին, որոնք Ադրբեջանը վերածել են միջազգային կարևորագույն տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկի։ Նրա խոսքով՝ 2022 թվականի առաջին ինն ամիսներին Ադրբեջանի տարածքով տարանցումն աճել է գրեթե 65 տոկոսով։

Վերջինս նշել է, որ Ադրբեջանը կարևոր ներդրում ունի արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։ «Մեր երկիրն ակտիվորեն նպաստում է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, որը կդառնա Միջին միջանցքի կարևոր մասը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի