Ներքին 4 տարի առաջ - 11:43 03-10-2022

Հաջորդ ուստարվանից հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը. Ժ. Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը:

«Դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի հետ կապված: Հաստատվել է դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևը, համաձայն որի՝ հաջորդ ուստարվանից բոլոր հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը:

Այդ առումով առկա են բազում անելիքներ՝ որակյալ հոգեբաններ ներգրավելու, նրանց վերապատրաստելու, մասնագիտական զարգացմանը նպաստելու, ինչպես նաև՝ աջակցելու առումով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ընթացքում գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ՝ երեխաներին հոգեբանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ:

«Այսօրվա բարդ իրականությունում երեխաների հոգեբանական աջակցության խնդրին պետք է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, և այս առումով կարևորում եմ ուսուցիչների հետ տարվող աշխատանքը:

Մենք պետք է ծրագրի հավասար շահառուներ դիտարկենք թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին. եթե ուսուցիչները չունենան այդ տոկունությունը, ապա այն երեխաներին փոխանցելը դժվար կլինի: Մեր ուսուցիչները, իհարկե, շատ ուժեղ են, և նրանցից շատ բան ունենք սովորելու, բայց նաև մեթոդական աջակցության կարիք կա, որպեսզի որպես անձ՝ տարբեր իրավիճակներում ավելի պատրաստված լինեն և երեխաներին ճիշտ ուղղորդեն»,- ասել է փոխնախարարն՝ վստահեցնելով, որ առանց համատեղ աշխատանքի հնարավոր չէ հաջողության հասնել:

Ռիտա Կույումջյանի խոսքով՝ հետտրավմային աճի սկզբունքների վրա հիմնված տոկունության բարձրացման դասընթացի նպատակն է հանրության շրջանում ձևավորել դրական մտածելակերպ, խոցելի խմբերի մոտ բարձրացնել տոկունության աստիճանը և դաստիարակել հոգեպես առողջ սերունդ:

Նա վստահեցրել է՝ այդ ամենը հնարավորություն կտա անհատին և հասարակությանն ավելի լավ դիմակայել հետագա փորձություններին: Հանրակրթական ծրագրում նմանօրինակ դասընթացի հնարավոր ներառումը, ըստ Ռիտա Կույումջյանի, կարող է նպաստել յուրաքանչյուր աշակերտի տոկունության բարձրացմանը, բուլինգի նվազեցմանը, կենտրոնացման բարելավմանը և ուսումնական առաջադիմության բարձրացմանը:

Կողմերը պայմանավորվել են մշակել հուշագրի նախագիծ, որի շրջանակում համագործակցող բոլոր կողմերի, այդ թվում՝ ԿԶՆԱԿ-ի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և դրա տարածքային կառույցների մասնակցությամբ աշխատանքներ կիրականացվեն՝ որոշ համայնքների դպրոցներում ծրագիրը փորձնական ներդնելու հնարավորության ուղղությամբ։

«Գործընթացում կներգրավվեն մեր մասնագիտական ռեսուրսները․ ԿԶՆԱԿ-ը՝ կրթության բովանդակության և ուսուցիչների պատրաստման մասով, իսկ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը՝ որպես մասնագիտացված ծառայություն մատուցող մարմին։ Հընթացս կմշակվեն ծրագրի մեթոդաբանությունը և գործիքակազմը, ինչպես նաև կհստակեցվեն համապատասխան գործառույթները: Փորձնական ծրագրի արդյունքների գնահատումից հետո կքննարկվի դրա հետագա իրականացման և տարածման հնարավորությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ առաջարկելով գործընթացում ներգրավել նաև Մանկավարժական համալսարանին։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը