Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:12 16-09-2022

Կոչ ենք անում զերծ մնալ հասարակության ուշադրությունը շեղող, ինքնապաշտպանական բնազդը բթացնող տեղեկատվությունից․ ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․«2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության` միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռազմական ագրեսիայի։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում. Զինված ուժերը պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար պայքար են մղում պարտադրված պատերազմում։

Այս իրավիճակում Կառավարության անդամները, նաև ԱԺ մեծամասնության որոշ պատգամավորներ պարբերաբար խոսում են տեղեկատվական անվտանգության, ԶԼՄ-ների գործունեության` իրավիճակին համապատասխան աշխատանք ծավալելու մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ հստակ քայլ չի կատարվել, թերևս, բացառությամբ Տիկ-տոկ սոցիալական ցանցի մասնակի արգելափակումից։

Նկատի ունենալով, որ մեկ առանձին սոցցանցի մասնակի արգելափակումը չի կարող էական նշանակություն ունենալ ապատեղեկատվության, անհարկի, կեղծ օրակարգեր շրջանառող լրատվական հոսքերի կանխման և իրավիճակից բխող խնդիրների մասին կարևոր տեղեկատվության տարածման վրա, կոչ ենք անում ԶԼՄ-ներին` զերծ մնալ ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, անկարևոր իրադարձությունների, սոցցանցերում հայտնի առանձին անձանց (այդ թվում՝ բլոգերների) գործունեության, անձնական կյանքի վերաբերյալ պատմությունների լուսաբանումից, ինչպես նաև` երկրում ստեղծված ռազմական սպառնալիքի` փաստացի պատերազմի հետ առնչություն չունեցող, հասարակությանը կարևոր տեղեկատվությունից շեղող որևէ գործընթացի լուսաբանումից։

Ստեղծված իրավիճակի հետ աղերս չունեցող տեղեկատվությունն արդյունքում շեղելու է ուշադրությունն ամենակարևորից` բթացնելով հասարակության ինքնապաշտպանական բնազդը:

ԶԼՄ-ների մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում գործել փաստացի պատերազմական իրավիճակներին հատուկ կանոնների խստագույն պահպանմամբ, տարածել բացառապես հավաստի, բազմակի ստուգված տեղեկատվություն՝ առաջնորդվելով որևէ պարագայում զինված ուժերի մարտունակությանը չվնասելու սկզբունքով և առաքելությամբ։ Այս պայմաններում մեզ պետք է առաջ մղի ոչ թե մեր մասնագիտական, այլ բանակի, զինված ուժերի հաջողությունն ու դրան նպաստելու գործելակերպը։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք նաև օգտագործել իրենց օտարերկրյա գործընկերների հետ մասնագիտական և անձնական կապերը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ հավաստի ու համակողմանի տեղեկատվությունն արտաքին լսարանին հասցնելու և միջազգային հանրությանը մեր երկրի նկատմամբ կատարվողին հաղորդակից դարձնելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի